«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կնոջ խոսքով՝ ամուսնուն Մեղրիի մաքսատան աշխատակիցները խոշտանգել են
Աջակցիր «Ա1+»-ին«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Տիգրան Գրիգորյանի կինը` Տաթևիկ Համբարձումյանը, «Ա1+»-ի հետ զրույցում հայտնել է, որ իր ամուսնու նկատմամբ քրեական գործն ապօրինի է, նրան մեղսագրվող արարքը ինքը չի կատարել, երբևէ թմրամիջոց չի օգտագործել, իր մոտ երբևէ թմրամիջոց չի եղել և ավելին` երբևէ չի էլ փորձել մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց անցկացնել ՀՀ պետական սահմանով։
«Հայտնեմ նաև, որ նշված քրեական գործով նախաքննություն է իրականցվում նաև ՀՔԾ-ում՝ ամուսնուս և Ավետ Ավետիսյանին 2019 թվականի հունվարի 17-ին, ժամը 4-ից մինչև 2019 թվականի հունվարի 18-ի ժամը 20․00-ն, Մեղրի մաքսատան մոտակա շինությունում ապօրինի պահելու, այդ ընթացքում ամուսնուս ֆիզիկական և հոգեբանական խոշտանգման ենթարկելու փաստով, որի արդյունքում հորինել են շինծու քրեական գործ, որի հիման վրա ամուսինս մինչև հիմա գտնվում է ապօրինի կալանքի տակ»,- ասաց Տաթևիկ Համբարձումյանը:
Այնուհետև նա մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում Մեղրիի մաքսակետում։ Նա տեղեկացրեց, որ ամուսինը Հայաստանում հիմնական աշխատանք չուներ և հաճախ էր գնում Իրանի Իսլամական Հանրապետություն և այնտեղից բերում տնտեսական ապրանքներ և մի փոքր ավել գնով դրանք վաճառում Հայաստանում։
Իսկ ստացված շահույթով հոգացել է ընտանիքի հոգսերը։ Նրանք ունեն երկու մանկահասակ երեխա, իսկ ամուսնու մայրը հոգեկան խնդիրներ ունի, տան միակ կերակրողը, Տաթեւիկի խոսքով, իր ամուսինն է։ Տաթևիկի խոսքերով՝ Իրանից հետ վերադառնալիս ամեն անգամ ամուսնուն սահմանապահները, մաքսատան աշխատակիցները հրավիրում էին առանձին սենյակ, մանրամասն ստուգում, թե՛ իրեն, և թե պայուսակները և ամեն անգամ, պարզելով, որ իր մոտ ոչ մի ապօրինի բան չկա, բաց էին թողնում։
«Ամուսնուս բազմիցս տարել են Մեղրիի մաքսակետում ղեկավար պաշտոն զբաղեցնող Հրաչիկ Գոգինյանի մոտ, ումից ամուսինս տեղեկացել է, որ այդ ստուգումները նրա կարգադրությամբ են կատարվում։ Նա, իմանալով, որ ամուսինս Իրանի քաղաքացի շատ ծանոթներ ունի, միշտ պահանջում էր, որ իրեն ինֆորմացիա տա իր ծանոթ պարսիկների մասին, թե ինչով են նրանք զբաղվում և այլն։ Ամուսինս միշտ նրան պատասխանում է, որ իր ծանոթ պարսիկները զբաղվում են միայն տնտեսական ապրանքների առքուվաճառքով, և իր համար հետաքրքիր ոչ մի ինֆորմացիա չունի։ Այնուհետև Գոգինյանը սկսել է սպառնալ ամուսնուս»,- պատմեց Տաթևիկը։
Կնոջ խոսքերով՝ վերջին անգամ ամուսինը ԻԻՀ գնացել է ընկերոջ՝ Ավետ Ավետիսյանի հետ, և 2019 թվականի հունվարի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում, հասել են Մեղրիի մաքսակետ, որտեղ էլ ամուսնու նկատմամբ սկսել են հալածանքներն ու ապօրինությունները։
Տաթևիկը նշեց, որ այնուհետեւ ամուսնուն խուզարկել են և հետո մեկ այլ սենակից ամուսնու պայուսակը խուզարկելուց հանել են կանաչավուն զանգված։ Տաթևիկն այդ գործողությունները ապօրինի է համարում, քանի որ ամուսնու պայուսակները բացվել են այլ սենյակում՝ առանց ամուսնու և ընթերակաների ներկայության, չի կազմվել դրանց վերաբերյալ որևէ փաստատուղթ։ Բացի դա՝ կնոջ խոսքվ՝ Գոգինյանը իր ամուսնուն ասել է, որ պետք է հոգնա անեն, որ եթե օրգանիզմում որևէ բան կա թաքնված, հայտնաբերեն։
Սակայն ամուսնուն և ընկերոջը ստուգելուց հետո ոչինչ չեն հայտնաբերել։
Այս առնչությամբ «Ա1+»-ը զրուցել է նաև Տիգրան Գրիգորյանի պաշտպան Բակուր Օհանյանի հետ, որը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի հաղոդրման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ Մեղրիի մաքսատան աշխատակիցների պաշտոնեական դիրքի չարաշահման, ինչպես նաև այլ հանցագործությունների վերաբերյալ։
Քանի որ գործով դեռևս ընթանում է նախաքննություն, այլ մանրամասներ պաշտպանը չհայտնեց։