Բացել լրահոսը Փակել լրահոսը
67402981_2507555789478736_7929295242358947840_n
A A
Հասարակություն

Աֆրիկյան ժանտախտի բռնկումների վերաբերյալ ահազանգեր ենք ստանում. ՍԱՊԾ նախկին պետ (տեսանյութ)

Քաղաքացիները տեղյակ չեն այն վտանգների մասին, որոնք կարող են լինել սննդամթերքում կամ առաջանալ կենդանիների հետ շփումից։ Սակայն այդ դեպքերի կոծկումը բերում է հիվանդությունների տարածման։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։ Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ բրուցելոզն այն հիվանդությունը չէ, որ կարող է համաճարակ առաջացնել։

Նրա կարծիքով՝ դա մասնագիտական գիտելիքների պակաս է, արվում է հանրության զգոնությունը թուլացնելու և աղմուկ չբարձրացնելու համար։

«Վերջերս Շիրակի մարզում կենդանիների անկում է գրանցվել, որովհետև չեն պատվաստվել։ Բայց այդ մասին ոչ մի խոսք չի ասվել։ Երբ  ԶԼՄ-ներով աղմուկ բարձրացավ, նոր տեղեկություն տարածվեց, որ վակցինացիա չի եղել։ Տավուշի և Լոռու մարզում մենք ունենք աֆրիկյան ժանտախտի օջախներ, դրանք ստացիոնար օջախներ են, որոնց վտանգն այն է, որ ժամանակ առ ժամանակ այն բացվում է»։

Գրիգոր Գրիգորյանին նաև անհանգստացնում է այն, որ այս տարի Հիվանդությունների հսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը դեռ հաշվետվություն չի ներկայացրել, թե հիվանդության ինչ դեպքեր են գրանցվել, մինչդեռ անցյալ տարվա տվյալներով՝ գրանցվել է աղիքային ինֆեկցիայի 7 224 դեպք։  

 «Հայաստանի Հանրապետություն անցյալ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիս մտել է կես միլիոն տոննայից ավել մսամթերք, 1 մլն տոննայից ավել թռչնամիս։ Հաշվետվությունում ասվում է, որ իրականացվել է 5000-ից ավելի փորձաքննություն, բայց ի՞նչ են գտել, բան չի՞ գտնվել։ Կամ աղիքային ինֆեկցիայի 7224 դեպքերը ո՞վ է պարզաբանել՝ խնդիրը  ջրից է, թե՞սննդից»։

Նրա կարծիքով՝ տվյալներ չհրապարակելն ակնհայտ խախտում է, քանի որ ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է հանրության առողջությանը, պետք է հրապարակել։

«Ո՞ր մարզում հիվանդություն կա, այդ մասին ոչ մի հայտարարություն չի արվում։ Ես բացառում եմ, որ մենք ստերիլ երկիր ենք, և մարզերում չունենք հիվանդություններ, դա պարզապես անհնար է։ Այսօր ունենք սանիտարահամաճարակային պայթունավտանգ իրավիճակ, որի համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որով տեսչական մարմինների վրայից հանվել է պատասխանատվությունը։ Փողոցում վտանգավոր սնունդ վաճառելը կամ աղբի խնդիրը, ասում են, մեր գործը չի, թող քաղաքապետարանը զբաղվի։ Ես պնդում եմ, որ ՍԱՏՄ-ն չի հրապարակում տվյալները, և բազմաթիվ հորդորներին արձագանք չկա։ Տվյալները հրապարակվում են միայն այն դեպքում, երբ գրանցվում է դեպք մարդկանց կամ կենդանիների շրջանում»։

Գևորգ Գևորգյանը նաև նշում է, որ իրենք ստանում են ահազանգեր, որ կա աֆրիկյան ժանտախտի բռնկում, թռչունների անկումներ, սակայն դեռ լաբորատոր փորձաքննություն  չի իրականացվել։