Վարդավառը Գյումրիում մեկնարկել է արձանների լվացմամբ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում Վարդավառի տոնակատարությունները մեկնարկել են հետաքրքրիր եւ արդեն ավանդույթ դարձած նախաձեռնությամբ: Նախ լվացվել են քաղաքի բոլոր արձաններն ու հուշարձանները: Այդ աշխատանքներում ներգրավվել են ինչպես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց ընտանիքներով, այնպես էլ Գյումրի ժամանած բազմաթիվ հյուրեր:
Այս տարի Վարդավառը Գյումրիում կտոնեն հանրապետության տարբեր մարզերից ու քաղաքներից ժամանաց մարդիկ: Նրանց բոլորին մեկ տեղում է հավաքել «Տարբերեք թացը չորից․ ճիշտը թացն է» չելենջը: Նախաձեռնության հեղինակը ծնունդով գյումրեցի, Արմենիա ՀԸ գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է: Նրա կանչին արձագանքել են հազարավոր մարդիկ:
Ժամը 12:00-ին բուն միջոցառումները կսկսվեն Վարդանանց հրապարակում: Քարե գորգի վրա երեխաների համար լողավազաններ են տեղադրվել, իսկ ջուր բոլորին կմատակարարեն քաղաքապետարանի ջրցաններն ու փրկարարական ջոկատի մեքենաները մինչեւ 15:00-ն:
Անվտանգության նկատառումներից ելնելով փակված են հրապարակ տանող բոլոր ճանապարհները: Բացի ջրոցիից, այսօր Վարդավառի տոնակատարությունների մասնակիցներին նաեւ Գյումրու թանգարանները կսպասեն: Քաղաքի հյուրերը նաեւ կկարողանան համտեսել Գյումրիում պատրաստվող ուտեստները:
Գյումրու քաղաքապետարանը տոնի առիթով տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Միջոցառման բոլոր մասնակիցներին հորդորում ենք պահպանել բարեկրթության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, չմտնել լողավազան, ուշադիր լինել հատկապես երեխաների նկատմամբ, զերծ մնալ կոնֆլիկտային իրադրություններից»: