Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert-fksb 25.07.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» երկրորդ անգամ կմրցի եվրոպական չեմպիոնի հետ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում այսօր սեփական դաշտում կընդունի Ռումինիայի ՖԿՍԲ ակումբին:

Վերջինս նախկինում հայտնի էր «Ստյաուա» անվանումով, սակայն 2017 թվականից այն իրավունք չունի կրելու այդ անունը, քանի որ ակումբի հիմնադիր Ռումինիայի բանակը նոր թիմ է ստեղծել եւ այն նույնպես «Ստյաուա» է կոչել:

Երկու ակումբների միջեւ դատավարությունը դեռեւս շարունակվում է: ՖԿՍԲ-ին հաջողվել է պաշտպանել իր իրավունքները, քանի որ բանակի նոր ղեկավարությունը դատարանից պահանջել էր ակումբից հանել 2003 թվականից առաջ նվաճած բոլոր տիտղոսները: Դրանցից մեկը 1986թ Եվրոպայի չեմպիոնների գավաթն է, որը թիմը նվաճել էր «Բարսելոնայի» հետ եզրափակիչ խաղում (0:0, 11մ՝ 2:0):

Ի դեպ, «Ալաշկերտը» երկրորդ անգամ է մրցելու Եվրոպայի ակումբային ֆուտբոլի նախկին չեմպիոնի հետ: Անցած մրցաշրջանում ալաշկերտցիները չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում հանդիպել էին 1967թ գավաթակիր Գլազգոյի «Սելթիկի» հետ: Մեր թիմը մեկ տարի առաջ, ավաղ, երկու խաղերում նույն 0:3 հաշվով պարտվել էր շոտլանդական ֆուտբոլի առաջատարին:

«Ալաշկերտ» - ՖԿՍԲ հանդիպումը տեղի կունենա Ավանի ակադեմիայի մարզադաշտում, ժամը 21:00-ին: Բուքմեյքերները ռումինական ակումբին համարում են հանդիպման բացահայտ ֆավորիտ եւ նրա հաղթանակը գնահատել են 1,50 գործակցով: «Ալաշկերտի» շանսերն ընս նրանց այս խաղում մոտ 4,5 անգամ ցածր է՝ 7,00 գործակից: