Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 2023 թ. Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր +86 կգ քաշային Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին:
Պոկում վարժությունում Հակոբյանը հաջող կատարեց երկու մոտեցում՝ գլխավերևում պահելով նախ 102 կգ կշռող ծանրաձողը, ապա՝ 106 կգ-ն: Այս վարժությունում նա 9-րդն էր: Հրում վարժությունում Տաթևը միայն մեկ մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 125 կգ-ն: Երկամարտի 231 կգ արդյունքով հայ մարզուհին 12-րդն էր:
Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշեց. «Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ: Այժմ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու: Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այս տարիներն ինձ կոփեցին. կարելի է ասել՝ իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ծանրամարտն ինձ տվել է հիշողություններ, զարգացրել իմ կամքի ուժը: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք այս տարիներին իմ կողքին են եղել: Ցավոք, չկարողացա ավարտել այնպես, ինչպես ցանկանում էի: Արդեն որոշել էի, որ ավարտելու եմ կարիերաս. կարծում եմ՝ այդ հուզմունքը փոքր-ինչ խանգարեց, քանի որ մարզումների ժամանակ ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել»:
Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ 30-ամյա մարզուհին նշել է՝ մտադիր է մնալ սպորտում:
Հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։