Ավելի շատ են ծխում
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստերի դահլիճում այսօր բացվեց գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես, որի պաշտոնական բացմանը ներկա էր տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Ցուցահանդեսն ամենամյա է, եւ ամեն տարի գրեթե նույն արտադրողներն են իրենց ապրանքը ներկայացնում, եւ հիմնականում խոշոր արտադրողներ, որոնք շուկայում վաղուց իրենց տեղն ունեն:
ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը մասնակցում էր ցուցահանդեսին եւ «Ա1+»-ի հարցին, թե ինչով է պայմանավորված ամեն տարի նույն կազմակերպությունների արտադրության ցուցադրությունը, ասաց. «Կարծես բոլորս գիտենք, ովքեր կարողացել են հայտնվել շուկայում, հերոսներ կոչվելու արժանի են: Խոսքը չի գնում վաղուց կայացած եւ իրենց տեղը շուկայում ունեցողների մասին: Նոր անուններն են ողջունելի»: Տիկին Ալավերդյանն ավելացրեց, որ համենայն դեպս այս ցուցահանդեսում այդպիսի հերոսներ չկան:
«Հայաստանում գրանցված գործարարների թիվը 120 հազար է, ընդամենը 60 հազարն է գործում, եւ միայն 2 հազարը` արդյունավետ: Այսինքն, այսօր շատերի համար անհասանելի են այն հնարավորությունները, որ հավասար են բոլորի համար»,-ասաց ՀՀ առաջին օմբուդսմենը:
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող Ղուկաս Բունիաթյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ իրենց վրա տնտեսական ճգնաժամն ազդել է եւ միայն բանկային վարկավորման միջոցով է կարողացել հաղթահարել այն եւ շարունակել արտադրությունը:
«Գեղարդ» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւս տեղեկացրեց, որ բանկի օգնությամբ է հաղթահարել դժվարությունները, սակայն այսօր 30-40 տոկոսով նվազել է սպառումը: Ռուբեն Վարդանյանը սակայն լավատես է. նա օրերս Ուկրաինայից է վերադարձել եւ պատմեց, որ մսի գործարանների 50 տոկոսը փակվել են:
Մեծ դժվարությամբ է գործում պանրագործությամբ զբաղվող «Գոլդեն Գորդ» ընկերությունը, եւ նրա տաղավարն այսօր ամենահամեստն էր: Կազմակերպության փոխտնօրեն Հայկուհի Թադեւոսյանն ասաց, որ նախընտրում է «բնական եղանակով» ներկայացնել ապրանքը` «դրել ենք պանիր եւ լավաշ»: Նրանք իրենց արտադրանքն արտահանում են ՌԴ եւ ԱՄՆ, հայ-թուրքական սահմանի բացումից հետո կմտածեն` արտահանել, թե ոչ:
Տնտեսական ճգնաժամից չի տուժել «Սիգարոնը»: Լրատվության եւ գովազդի գծով փոխտնօրեն Նվեր Սարգսյանն ասաց, որ սիգարետի սպառման վրա ճգնաժամը չի անդրադարձել. «Անցած տարի 300 խոշոր հարկատուների ցանկում 104 րդն էինք, այժմ, 9 ամիսների տվյալներով, 27-րդն ենք, դա վերաբերում է ներքին շուկայում սպառմանը եւ ճիշտ գործունեության արդյունք է. բացի այդ, ճգնաժամի պայմաններում երեւի մի քիչ ավելի շատ են ծխում»:
Տնտեսական ճգնաժամի թեման ամբողջանում էր ցուցահանդեսին ներկա մարդկանց վարքագծով. առանց հրավիրատոմսի ցուցահանդեսը տեսնելու ցանկություն ունեցողների համար վաճառվում էր տոմս` 500 դրամ արժողությամբ: Այդ տոմսով ներս մտած քաղաքացիները կարողացան մի լավ համտեսել ցուցադրված ուտեստները: