Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանները «ձգում են գոտիները»

Տնտեսություն

Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում վաստակաշատ գործարար Ռոզա Ծառուկյանը` ԲՀԿ նախագահի մայրը, հավաստեց, որ իրենց վրա միջազգային տնտեսական ճգնաժամը որեւէ ազդեցություն չի գործել եւ բացատրեց այդ ֆենոմենը. «ճգնաժամը մեզ վրա չի ազդել, քանի որ մենք ունենք ոչ թե մի ճյուղ, այլ շատ: Այն բիզնեսմենը, որն ունի միայն մի ճյուղ, որի վրա է ինքը հենված` ճգնաժամը նրա վրա կազդի: Մեր տնտեսությունը` «Մուլտի ագրոն», ունի 11 ճյուղ`անասնապահություն, դաշտավարություն, մեղվաբուծություն, կաթի արտադրություն եւ այլն, մեկ ճյուղի պակասը լրացնում է մյուս ճյուղի եկամուտը, ես չեմ զգացել ճգնաժամի ազդեցությունը: Ես միշտ խորհուրդ եմ տալիս մյուս գործարարներին, որ մեկ ճյուղով զբաղվելը շատ սխալ է»:

Այս տարի Ծառուկյանները որոշել են «ձգել գոտիները». «Ոչ թե մենք ուզում ենք եկամուտները կուտակել եւ ներդրումներ անել, այլ բավարարվել նախորդ տարիներին ստացած եկամուտներով եւ այս տարիներին չսպասենք, թե շատ եկամուտ պետք է կուտակենք: Նախորդ տարիների կուտակած եկամուտը պիտի համարենք բավարար եւ աշխատենք ինքնածախսածածկույթով, մինչեւ կգա ժամանակը եւ ամեն ինչ կընկնի իր հարթության վրա»,-ասաց տիկին Ռոզան:

Կառավարության նիստերի դահլիճում այսօր բացված գյուղատնտեսական մթերքների ցուցահանդեսում նա հիշեց առաջին անգամ բացվածը` 1998 թվականին . «Որ հիշում եմ` սիրտս լցվում է. շատ աղքատ վիճակ էր, իսկ հիմա, փառք Աստծո, ամեն տեղ, ամեն տաղավարում զգում ես առաջընթացը, տեսնում ես գյուղատնտեսական ապրանքների լայն սպառման հնարավորություն»:

Տիկին Ռոզան իր արտասդրանքի սպառումը պատկերացնում է միայն հայրենիքում.
«Ոչ մի դեպքում ապրանքս չեմ արտահանի. Ես երբեք չեմ մտածել արտահանման մասին, ես ունեմ բարձր որակի մեղր ու պանիր, նախընտրում եմ մեր ապրանքը վաճառել մեր շուկայում»:

Նա տեղեկացրեց, որ օրական միայն 10 տոնա կաթնամթերք է արտադրում, եւ իրեն չի անհանգստացնում թուրքական ապրանքների ներհոսքը Հայաստան: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների մասին նախընտրեց չխոսել` թողնելով դա քաղաքական գործիչներին: