Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկերը նախատեսվածից քիչ են

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի կարծիքով'  2010թ. բյուջեի նախագծով նախատեսվող ՀՆԱ-ի 1-2 տոկոս աճը իրատեսական է:

Հնարավո՞ր է, սակայն,  2010թ. այն փոփոխությունների ենթարկվի' «Ա1+»-ի հարցին' նա պատասխանեց. «Այսօրվա դրությամբ հիմքեր չկան փոփոխության ենթարկվելու, մնացածը կանխատեսումի ոլորտից չի: Այսինքն' կարող է լինել ինչ-որ դեպքեր ինչպես ավելացման, այնպես էլ պակասեցման: Բայց այսօրվա դրությամբ, դժվար է կանխատեսել»:

Օրինակ, այս տարի հարկերի հավաքագրման շեղում է արձանագրվել: 2009 թ. պետական բյուջեով նախատեսված է եղել  հավաքել 727 միլիարդ դրամի հարկ, սակայն տարվա վերջին այն 200 միլիարդ դրամ պակաս է լինելու: Փոխնախարարը դա պայմանավորում է ֆինանսական ճգնաժամով: «Տնտեսության այն աճի ցուցանիշները, որոնք դրված էին ՀՆԱ-ի ծրագրավորման մեջ, կապված ֆինանսական ճգնաժամի հետ' իրականություն չդարձան: Ունեցանք ոչ թե աճ, այլ նվազում: Բնական է, որ հարկերը պետք է քչանային»,- ասաց նա:

Իսկ կա մի կետ նախատեսվող բյուջեում, որ փոխնախարարը չի ընդունում'«Ա1+»-ի հարցին' ի պատասխան հնչեց. «Սրտով լինելը զգայական ոլորտից է, բայց կան հարցեր, որ դեռեւս մինչեւ վերջնական տարբերակը ներկայացնելը պետք է վերանայել»: