Մեկնարկեց Orange Armenia-ն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից Հայաստանում մեկնարկում է ֆրանսիական France Telecom ընկերության գործունեությունը, որի ապրանքանիշն է Orange-ը: Ընկերությունը հանդես է գալու որպես Օրանժ Արմենիա (Orange Armenia):
Orange-ը երրորդ օպերատորն է Եվրոպայում, թվով երրորդը նաեւ Հայաստանում, որը հավակնություն ունի դառնալ առաջատարը: Վերջինս մեր երկրում մատուցելու է ինչպես բջջային կապի, այնպես ինտերնետի ծառայություններ:
France Telecom ընկերության նախագահ Դիդյե Լոմբարը շնորհակալություն հայտնեց երկրի իշխանությանը, իրենց աջակցելու համար եւ տեղեկացրեց, որ հանդիպել է անձամբ Սերժ Սարգսյանի հետ:
Ներկայացնելով իրենց ընկերության առավելությունները՝ France Telecom-ի գործադիր տնօրեն Օլաֆ Սուանտին առանձնացրեց իրենց նորարարական հմտությունները. Orange-ն աշխարհում ունի 18 լաբորատորիա, որոնք պարբերաբար նոր տեխնոլոգիաները հասանելի են դարձնում Orange-ի բաժանորդների համար: Սուանտին նկատեց,որ կազմակերպությունն ունի «անձնական ինտերնետ» ստեղծելու մտադրություն, նաև բջջային հեռախոսների միջոցով: Ինտերնետը մատուցվելու է երկու փաթեթների միջոցով, որոնց ամսական սակագները լինելու են 9000 եւ 16000 դրամ:
«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշեց, որ ընկերությունն արդեն իսկ 90 մլն դոլար ներդրում է աել, եւ դեռ 2 տարի ներդրումները կշարունակվեն: Այսօր Օրանժ Արմենիան ունի 300 աշխատակից` չնայած, որ դիմում ներկայացրել էին 15 000 հոգի: Սա հիմք է տվել Դյութուային ենթադրելու, թե իրենց ընկերության նկատմամբ որքան մեծ է հայ հանրության հետաքրքրությունը:
Խոսելով ընկերության մատուցած ծառայությունների մասին՝ Դյութուան նշեց, որ իրենք առաջարկելու են նորարարական լուծումներով ծառայություններ, գերարագ ինտերնետ և բավական ճկուն և մրցակցային սակագներ: Դյութուան նշեց, որ France Telecom-ը Հայաստանում ունի ամենամեծ 3G+ ցանցը:
Այս շաբաթվանից սկսած գործելու են ընկերության 13 սպասարկման կետեր, ինչպես նաև բազմաթիվ վճարման կետեր:
Այս պահի դրությամբ, ըստ գլխավոր տնօրենի, իրենք ծածկում են ՀՀ-ի մոտ 83 տոկոսը` 500 գյուղեր եւ քաղաքներ, որտեղ մատչելի ինտերնետ եւ բջջային կապ են խոստանում:
Ընկերության մարքեթինգային տնօրեն Արամ Մկրտչյանը նշեց, որ բջջային կապի ոլորտում գործող կանխավճարային սակագները բաժանվելու են 4 տարիֆային պլանների, որոնք ունենալու են որոշակի ուղղվածություն՝ կապված նախասիրությունների կամ տարիքի հետ: Մասնավորապես, գործելու են սակագնային պլաններ, օրինակ, օրվա հատուկ ժամերին, կամ շաբաթվա հատուկ օրերին էժան սակագներով խոսելու համար: Կախված սակագնային պլանից՝ մեկ րոպեի արժեքը լինելու է 5-40, sms-ի արժեքը՝ 5-15 դրամ։
Ի դեպ, մինչեւ դեկտեմբերի 31-ը յուրաքանչյուր օր առաջին զանգի առաջին րոպեն լինելու է անվճար: «Օրանժ Արմենիան» նաև անակնկալներ է մատուցելու, մասնավորապես, ընկերության բաժանորդները որպես «բարև» ստանալու են 300 անվճար րոպե ցանցի ներսում:
Բաժանորդագրվելով «Ամեն ամիս» սակագնային պլանին՝ բաժանորդները կկարողանան ձեռք բերել հեռախոսներ առավել էժան գներով:
Գործելու է «Օրանժ աշխարհ» wap ծառայությունը, իսկ դեկտեմբեր ամսից մատուցվելու է ինտերնետ-հեռուստատեսության ծառայություններ:
Ընկերությունը նոյեմբերից մատուցելու է նաև ռոումինգի ծառայություններ, որի համար կանխավճար չի պահանջվելու:
Ի դեպ, լրագրողի հարցին, թե արդյոք ընկերությունը բջջային ծառայություններ է մատուցելու Արցախում, Բրունո Դյութուան պատասխանեց, որ իրենց լիցենզիան գործում է Հայաստանի սահմաններում և Արցախում ծառայությունները մատուցվելու են ռոումինգով:
«Օրանժը» նաև կազմակերպելու է հեռախոսների վաճառք, որոնց թվում են լինելու հեռախոսներ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար:
Ի դեպ, Բրունո Դյութուան նշեց, որ երեկվա դրությամբ արդեն իսկ գրանցվել են 70 000 բաժանորդներ:
Նկատենք, որ ակտիվ տարածվում էր տեղեկատվություն, թե նախապես գրանցված բաժանորդներին տրվելու է նաեւ անվճար հեռախոս: Ըստ ամենայնի, բաժանորդների այս մեծ բանակը հիմնականում ակնկալել է հեռախոս, քանի որ մինչեւ այսօր գաղտնի էր պահվում «Օրանժ Արմենիա»-ի սակագնային քաղաքականությունը: