Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 տոկոսով կրճատվել է կրթության բյուջեն

Տնտեսություն

2010 թվականի պետական բյուջեում մոտ 25 տոկոս պակասեցվել է կրթության եւ գիտության ոլորտի հատկացումները: Այն այս տարի կազմում է մոտ 95,5 մլրդ դրամ` ընթացիկ տարվա 108 մլրդ դրամի փոխարեն:

Կրթության եւ գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Բյուջեի նախագիծը ներկայացվող ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը կողմ է բոլորի աշխատավարձերի բարձրացմանը, բայց հնարավորություններն այս տարի բավականին սուղ են:

Իսկ բյուջեի նախագծում բառացիորեն գրված է. «2010թ պահպանվելու է կրթության ոլորտի ծախսային գերակա վիճակը, որպես երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության առաջնային գրավական: Կրթության ոլորտի հիմնական գերակայություն շարունակելու է համարվել հանրակրթությունը` հատկապես տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթությունը` ոլորտում մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից»:

Այս տարվա բյուջեով նախատեսվում է ապահովել տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով, ինչպես նաև 11-րդ դասարանների աշակերտներին` 4 անուն նոր դասագրքերով, փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարը, ապահովել հատուկ դպրոցներին անվճար ծրագրերով, դասագրքերով, ձեռնարկներով և ուսումնական այլ նյութերով: Նկատենք, որ ընթացիկ տարում անվճար դասագրքեր հատկացվել են միայն առաջին դասարանցիներին:

Չնայած պայմանների սղությանը, օրինակ 12 մլն դրամ ավելացվել է երիտասարդական ծրագրերի իրականացման ուղղությամբ եւ 32,6 մլն դրամ` արտադպրոցական դաստիարակության համար: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց, թե այդ ինչ երիտասարդական ծրագրերի վրա է ծախսվելու 12 մլն դրամը:

Պարզվում է ինտելեկտուալ խաղերի կազմակերպման, իսկ 32,6 մլն դրամանոց արտադպրոցական դաստիարակությունը ենթադրում է մարզիչների վերապատրաստում: «Այդ ինտելեկտուալ խաղերի համար գումար կա, իսկ գիտնականների աշխատավարձի բարձրացման համար չկա՞»,-հռետորական հարցադրում արեց Հեղինե Բիշարյանը:

Կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Պավել Սաֆարյանին հիշեցրեց, որ 20 մլն դրամ 2010-ի բյուջեով հատկացվել է կառավարության աշխատակազմին` տնտեսական վերլուծություն անելու համար, իսկ ԱԺ աշխատակազմին հատկացում չի արվել` մրցույթ կազմակերպելու եւ ՀՌԱՀ անդամ ընտրելու համար:
Պավել Սաֆարյանը չկարողացավ պատասխանել ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցերին, մասնավորապես, թե արդյոք բյուջեում վերականգնվել են Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների արդյունքում չարաշահված գումարները:

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը «Ա1+»-ի նետ զրույցում արդարացված համարեց կրթության ոլորտին հատկացվելիք գումարի 25 տոկոս կրճատումը:

«Իհարկե արդարացված էր, մենք գտնվում ենք ամենախոցելի վիճակում` պայմանավորված ճգնաժամով, եւ որքան էլ ասում ենք, որ կրճատել ենք, այդուհանդերձ ամենամեծ հատկացումը Պաշտպանության ոլորտից հետո մնում է կրթությունը: Կարող էինք ըստ էության ուրիշ տեղերից հատկացումները վերցնեինք եւ ուղղեինք կրթության ոլորտ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ դրանով ավելի դժվարացրած կլինեինք իրավիճակը մյուս ոչ ավելի պակաս կարեւոր ոլորտների համար: Ճգնաժամը հատկապես մեր նման երկրների վրա շատ բացասական ազդեցություն ունեցավ»,-ասաց Վարդան Բոստանջյանը: