Նաիրա Հարությունյանի ասածն ինձ համար Աստվածաշունչ չէ, որ ես անվերապահ հավատամ. Գևորգ Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մերկապարանոց հայտարարություն որակեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի խոսքերը, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծանուցագիրը պատռել է:
«Քննչական կոմիտեի մամուլի խոսնակի ասածն ինձ համար Աստվածաշունչ չի, որ ես անվերապահ հավատամ»,- նկատեց պատգամավորը:
Պետրոսյանը կասկած հայտնեց, թե Գագիկ Ծառուկյանը ծանուցագիրը պատռել է:
«Դա պետք է ապացուցել, ո՞վ է ասել, որ եղել է»:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է կանչվել՝ հունիսի 8-ին Աբովյանում տեղի ունեցած հրկիզման դեպքի առիթով։
«Գագիկ Ծառուկյանը պետական ինստիտուտների նկատմամբ հարգանք ունեցող մարդ է, ինքը որևէ խնդիր չունի խուսափելու որևէ պրոցեսից»,- շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանը հակված է մտածելու, որ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավարի ավտոմեքենայի հրկիզումը բեմադրված է:
Նշենք, որ հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ այդ գործը սարքած է:
ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: Այս պահին խորհրդարանում տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և Վահե Գրիգորյանի հանդիպումը:
Գևորգ Պետրոսյանը ՍԴ անդամի թեկնածուին հարց է ուղղել, որի պատասխանը իրեն չի գոհացրել: Նա վստահ չէ, որ Վահե Գրիգորյանը, ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում, քաղաքական ուղղորդմամբ չի ղեկավարվելու:
«Ես իրեն հարց եմ տալիս՝ Դուք այն տեսակետը ընդունո՞ւմ եք, որ Սահմանադրական դատարանի կազմը պիտի համալրվի քաղաքական կոմպոնենտով։ Ինքը չասաց, որ չի ընդունում այդ տեսակետը»,- պարզաբանեց պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել նրա թեկնածությանը, բայց վերջնական որոշում կկայացնի խմբակցությունում այդ հարցը քննարկելուց հետո: