Չի կարող դեմ քվեարկել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած որ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը բյուջեի նախագծում տեսնում է թերություններ, այդուհանդերձ կողմ է քվեարկելու, քանի որ. «Ես չեմ կարող կողմ չքվեարկել»:
«Հայելի» ակումբում Վարդան Բոստանջյանը այսօր բանավիճում էր Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ: Բանավեճ որպես այդպիսին չստացվեց, քանի որ երկու բանախոսներն էլ պնդեցին, որ իրար հետ բանավիճելու բան չունեն: Բագրատ Ասատրյանի արտահայտած որոշ մտքերի հետ համակարծիք լինելով հանդերձ' Վարդան Բոստանջյանը անկեղծացավ, թե. «Կոալիցիոն պատգամավոր եմ, չեմ կարող բնականաբար համաձայնություն ցույց տալ, որ համաձայն եմ Բագրատ Արտաշեսովիչի հետ»:
Բագրատ Ասատրյանը ԱԺ քննարկմանը ներկայացված 2010թ. բյուջեի նախագիծը գնահատեց որպես թույլ եւ անիրատեսական: Ըստ նրա' բյուջեում կառավարությունը նպատակ ունի հարաբերականության առումով ավելի քիչ հարկեր հավաքել, քան անցած տարիներին, մինչդեռ պետք է հակառակ խնդիրը դրվեր:
ԲՀԿ պատգամավորը չհակադարձեց. «Հիմա մենք ինչո՞ւ ենք դժգոհում բյուջեից: Բոլորն են դժգոհում: Դժգոհում ենք մի բանի համար, չեմ ասում շատ փող ունենանք, մտածենք մեր եկամուտները ինչպես ենք հավաքում, ծախսերը ինչպես ենք իրականացնում»:
Այնուհետեւ ավելացրեց, թե մակրոտնտեսական ցուցանիշները իրենք եւս չեն ողջունում. «Կարող եմ դժգոհել ընդհանրապես կառավարման որակից: Անհրաժեշտություն կա, մեր դուռը թակում է, որ, այո, պետք է բարձրացնել կառավարման մակարդակը' գործադիր, օրենսդիր, դատական եւ այլն: Քայլեր կատարված են: Ահագին փող նետեցին մեր երկիր, ժամանակ չենք ունեցել այդ միջոցառումները իրականացնել»:
Բագրատ Ասատրյանը իր բանախոս ընկերոջը վստահեցրեց, որ մեր երկիրը փողի կարիք չունի, ունի ուրիշ խնդիր. «Մեր երկիրը չի կարողանում տնօրինել այդ միջոցները»: Բացի այդ, առաջարկեց կառավարությանը, որ իջեցնեն ծախսերը:
Վարդան Բոստանջյանն էլ լսեց, լսեց ու վերջում ասաց. «Ես մարդ եմ, սելավի դեմը կանգնողը չեմ »: