Նախարարը կանխատեսում է ապաքինում
Աջակցիր «Ա1+»-ինՀաջորդ տարվանից սկսվելու է ճգնաժամից հետո մեր տնտեսության ապաքինումը: Լավատեսական այս կանխատեսումն լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր արեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը' ամփոփելով սեպտեմբերի մակրոտնտեսական արդյունքները:
Դա են, ըստ նրա' վկայում օգոստոս-սեպտեմբերին տնտեսությունում արձանագրված կայունացման եւ տնտեսական թեթեւ աճի միտումները, երբ ամսական կտրվածքով 0,1 կետով սկսել է նվազել անկման տեմպը:
Ըստ այդմ' սեպտեմբերին օգոստոսի համեմատությամբ գրանցվել է 4,8 տոկոս տնտեսական աճ: Դա նախարար Դավթյանի ասելով' պայմանավորված է նաեւ սեզոնայնությամբ:
Նրա բնորոշմամբ' ճգնաժամից կարողացանք արդեն անցում կատարել դեպի կայունացում ու գնալ վերականգնման: Կայունացման այդ միտումները, ըստ նրա' սկսել էին նկատվել արդեն հուլիսին: Այժմ Տիգրան Դավթյանն ուրախությամբ հայտարարեց, որ անկման կրիտիկական կետը, որը գրանցվեց հենց հուլիսին, արդեն անցել ենք, եւ մեր տնտեսությունն արդեն կայունացման փուլում է:
ՀՀ տնտեսության ներկան եւ ապագան նա փորձեց այսպես նկարագրել. «42 աստիճան ջերմաստիճանով հիվանդ մեր տնտեսությունը ճգնաժամի ճանապարհն անցավ, ես չուզեցի ասել' չմեռավ եւ դիմակայեց բավականին բարձր այդ ջերմաստիճանին: Հիմա արդեն ապաքինվում ենք, ջերմաստիճանը սկսել է իջնել, բայց իջնելուց էլ նույնիսկ եթե դառնա 36,5 աստիճան, էլի մեր օրգանիզմը թույլ է լինելու, բայց կսկսենք կամաց-կամաց վերականգնվել ու կազդուրվել»:
Նա նաեւ վստահ է, որ «մինչեւ տարվա վերջ ջերմաստիճանը կիջնի ու հաջորդ տարվանից արդեն կսկենք կազդուրվել»:
«Այն երկար կտեւի, քանի որ պետք է վերականգնենք այն պոտենցիալը, որն ունեինք»,- ավելացրեց նա:
Հաջորդ տարվա համար, ըստ նրա' պետբյուջեի նախագծով նախատեսվել էր 1,2 տոկոս տնտեսական բավականին զգուշավոր աճ: Մինչդեռ չի բացառվում, որ եթե լավատեսական ճանապարհներով գործընթացները գնան, սա կարող է լինել նույնիսկ մինիմալ շեմ եւ հետեւաբար կարող ենք ավելի մեծ հնարավորություններ ունենալ հաջորդ տարվա համար: Այդ տենդեցն, ըստ նրա' արդեն նկատվում է շինարարության, արդյունաբերության, արտահանման ծավալներում եղած շոշափելի աշխուժությամբ: Օրինակ' սեպտեմբերին գրանցվել է արտահանման ծավալների մոտ 26 տոկոս աճ:
Տիգրան Դավթյանի լավատեսական կանխատեսումների շարքն այնուհետեւ շարունակեցին դեֆիցիտի սպասվող բավականին ցածր մակարդակը, պետական ծախսերի ավելացումը' ՀՆԱ-ի հարաբերակցությամբ 28-29 տոկոս, սղաճի ցածր մակարդակ' 3-4 տոկոս եւ այլն: