Նալբանդյան գյուղի 19-ամյա բնակչին մոտ երեսուն հոգով ծեծի են ենթարկել (տեսանյութ)
Արմավիր մարզի Նալբանդյան գյուղի 19-ամյա բնակիչ Ռոլանդ Շավերշյանը խմբակային ծեծի հետևանքով պառկած է Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Գյուղի դպրոցի 12-րդ դասարանում սովորող տղայի խոսքով՝ նույն դպրոցի 11-րդ դասարանի մեկ այլ աշակերտ Գոռ Ադամյանը, ինչ որ տեղ է կանչել է իրեն, որտեղ նրանց են սպասել մի խումբ տղաներ, ըստ տուժածի՝ մոտ երեսուն հոգի։ Վերջիններս էլ Շավերշյանին ծեծի են ենթարկել։ «Դա առաջին դեպքը չէր։ Մի անգամ էլ էր այդպիսի դեպք եղել. ախպորս էին ծեծում, էլի միջամտել եմ։ Իրանք էլ ոխ էին պահել, արձակուրդներից հետո, երկուշաբթի օրն ինձ առանձնացրեցին ու ծեծեցին»,- պատմեց Ռոլանդը։ Նալբանդյանի համայնքապետը տեսնելով ծեծկռտուքը, այն դադարեցրել է և Շավերշյանին տարել տեղի բուժկետ, որտեղից նրան տեղափոխել են Հոկտեմբերյանի հիվանդանոց։ Գլխի հատվածում ստացած վնասվածքները մշակելուց հետո տղային տեղափոխել են Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, քանի որ ներքին արյունահոսություն է ունեցել նաև։ Մայրը՝ Սիմա Շավերշյանը պատմեց, որ տանն է եղել, երբ իրեն տեղեկացրել են, որ համայնքապետը միջոցներ է նախաձեռնել արնաշաղախ որդուն Հոկտեմբերյանի բուժհաստատություն տեղափոխելու համար. «Գնացի Հոկտեմբերյան, տեսա իմ երեխան արյան մեջ թաթախված է։ 20-ից մինչև 30 երեխա, բոլորով դուբինկեքով, փայտերով, ռուգալկեքով ծեծել են»։ Նախկինում եղած կռիվների դեպքերով Սիմա Շավերշյանը հանդիպել էր մասնակից տղաների ծնողներին, խոսել, զգուշացրել է նրանց. «Ձեր երեխաներին դաստիարակե՛ք»։ Ի պատասխան՝ ծնողներից մեկն ասել էր. «Իյա՜, տղա են, պիտի կռվեն»։ Մայրը պահանջում է, որ որդուն ծեծողները պատժվեն։ Ռոլանդ Շավերշյանին բուժող նյարդավիրաբույժ Կարեն Նահապետյանի խոսքով՝ տղան իրենց մոտ է տեղափոխվել թեթև գանգուղեղային վնասվածքով, հայտնաբերվել են քթի ոսկորի կոտրվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։