Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոկոսադրույքը կտրուկ կնվազի՞ (տեսանյութ)

Տնտեսություն

Շուտով մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ցածր տոկոսադրույքներով հիպոթեկային վարկեր ստանալ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:  Դա hուլիսի 6-ից իր գործունեությունն  է սկսել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը վերաֆինանսավորելու է առեւտրային բանկերի' քաղաքացիներին տրամադրված հիպոթեկային վարկերը։

«Ազգային հիփոթեքային ընկերությունն» այժմ ունի 17 միլիարդ դրամի կապիտալ։ Ըստ Արթուր Ջավադյանի' այն առեւտրային բանկերի վերաֆինանսավորումը կատարվելու է 9%-ով։ Իսկ թե քանի՞ տոկոսով հիպոթեկային վարկերը կտրամադրեն առեւտրային բանկերը քաղաքացիներին, ԿԲ նախագահը հրաժարվեց ասել. «Դա շուկայի որոշելիքն է, եւ կոռեկտ չի, որ ես իմ կանխատեսումներով կամ ենթադրություններով խառնվեմ շուկային։ Սակայն կասեմ, որ ներկայիս տոկոսադրույքները կնվազեն մի քանի տոկոսով»:

«Ընկերության հիմնական նպատակն է նպաստել ՀՀ բնակարանային հիփոթեքային շուկայի զարգացմանը' բնակարանային հիփոթեքային վարկերի ֆինանսավորման արդյունավետ ենթակառույցների ստեղծման միջոցով»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Նա պնդեց, որ ընկերության գործունեությունը կնպաստի հիփոթեքային շուկայում երկարաժամկետ վարկերի առաջացումը, ասենք 10-15 տարով:

Կենտրոնական բանկի նախագահը կոչ արեց քաղաքացիներին ակտիվ լինել, քանի որ ԿԲ քայլերի միջոցով հնարավորություն կա նաեւ այլ տիպի վարկեր վերցնել:

Ըստ ԿԲ նախագահի, արդեն նախանցած շաբաթվանից նկատվում է վարկավորման զգալի աճ: Իսկ աշնանը ամենայն հավանականությամբ, կավելանա: Վերջինս նաեւ բնակարան ցանկացողներին վստահեցրեց, որ պետք չէ սպասել, որ բնակարանների գները էլի էժանանան, քանի որ էլ անկում չի լինի: Ըստ նրա' դրամով արտահայտված բնակարանների գները իջել են 7-10 տոկոսով, իսկ արտարժույթով' 30 տոկոս:

Ի դեպ, ԿԲ նախագահը հաշվարկեց, որ ասենք քաղաքացին, որը 20 միլիոն դրամի վարկ  է վերցրել, ապա նրա'բանկին կատարվող ամսական վճարումները կկազմեն շուրջ 300 000 դրամ։ Այսինքն՝ բանկը նման վարկ կտա միայն այն քաղաքացիներին, որոնց եկամուտները գոնե երկու անգամ մեծ են այդ գումարից։

 Հիշեցնենք, որ Հայաստանում այդպիսի քաղաքացիները  շատ քիչ են՝ համենայնդեպս՝ պաշտոնական վիճակագրության համաձայն: