Տնտեսական ա՞ճ
Աջակցիր «Ա1+»-ին2010թ.-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 1-1,5 տոկոսով: Նման կանխատեսում է անում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Չնայած տնտեսության վիճակագրական տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն նախարարը խոսեց որոշակի տենդենցների, զարգացումների մասին: Ըստ նրա' չնայած տարին սկսեցինք մեծ բացասական սպասումներով ճգնաժամի ազդեցությամբ, որը առաջին կեսին ակնառու սկսեց զգացվել, սակայն արդեն սկսվել են նկատվել կայունացման որոշակի միտումներ:
«Մեր սպասումներն այնպիսին են, որ ընդհանուր կայունացման միտումները տարվա կեսից կսկսեն նկատվել եւ տարվա վերջում դրանք ավելի ակնառու կդառնան, եւ մենք հաջորդ տարվա կեսից կսկսենք դանդաղ, բայց որոշ չափով տնտեսության անկման վերականգման գործընթացը։ Հաջորդ տարի մենք կանխատեսում ենք ունենալ միգուցե փոքր, բայց, այնուհանդերձ աճ՝ մոտ 1-1,5%»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Վերջինս փաստեց, որ մայիսի համեմատ հունիսին հավաքել են ավելի մեծ ծավալի հարկեր։ Հարկերի հավաքագրման աճ նկատվում է նաեւ հուլիսի առաջին 10 օրվա տվյալներով։ Ավելացել են նաեւ տրանսֆերտները, արտաքին առեւտրի ծավալը: Քանի որ, ըստ նախարարի' 2010-ն էլ հեշտ տարի չի լինելու, դրա համար իրենք սկսել են պլանավորել ոչ միայն 2009թ.-ը , այլ նաեւ 2010թ.-ը:
Ինչ վերաբերվում է բյուջեին, ապա Տիգրան Դավթյանի հավաստիացմամբ, իրենք 100 տոկոսով կատարում են նախատեսված ծախսերը. այժմ չբավարարված հայտեր չունեն եւ չեն էլ ունենալու: Ռեսուրսները նույնպես բավարար են:
«Կարող ենք հոգեբանորեն հանգիստ զգալ, որովհետեւ մենք ունենք բավարար ռեսուրսներ այս երկու տարին նորմալ, առանց ճոխությունների, էկոնոմ ռեժիմով գնալ առաջ: Կարծում եմ' լրացուցիչ ռեսուրդների ներգրավման անհրաժեշտություն չկա»,- ասաց նա:
Ի դեպ, վերջինս պատկերավոր կերպով ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը: Նրա խոսքերով' մեր տնտեսությունը նման է մի ինքնաթիռի, որը մտել է տուրբուլենտային գոտի: Այս պարագայում անձնակազմի՝ այսինքն կառավարության վրա խնդիր է դրված ուղեւորներին տեղ հասցնել այնպես, որ նրանք չնկատեն այդ ամենը: Նախարարի կարծիքով՝ դա կարծես թե հաջողվում է: