Հայաստանում այդ թիվն աննշան է
Աջակցիր «Ա1+»-ին
Ինտերնետի սակագինը կախված է սպառողների քանակից. վստահ է Կապի եւ Տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանում ինտերնետ սպառողների թիվը գրեթե աննշան է մյուս երկրների համեմատ:
«Լուրջ վիճակագրություն էլ չունենք. այդ դաշտի այսօրվա վիճակագրությունը շատ հակասական է, որովհետև մի կազմակերպության գնահատականով խոսք է գնում փոքր թվի մասին, մեկ այլ կազմակերպության գնահատականով` մի քիչ մեծ թվի մասին», - ասաց նախարարը:
Այս հարցում նա տեսնում է նաեւ տեղական պրովայդերների մեղքը, որոնք. «Մի քիչ իներտ են, բիզնեսի զարգացումն էլ` ոնց որ կանգնած լինի»:
Իսկ գո՞հ եք ինտերնետ կապի որակից` նախարարից հետաքրքրվեց «Ա1+»-ը:
«Տանն` այո, աշխատավայրում` ոչ այնքան»,-ժպտալով պատասխանեց Գուրգեն Սարգսյանը:
Ի դեպ, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հաշվարկներով` Հայաստանում ինտերնետ-կապի ենթակառուցվածքների արդիականացման կամ այն ապագայի սերնդի մակարդակի հասցնելու համար ամենակոպիտ հաշվարկներով անհրաժեշտ են 100-150 մլն դոլարի չափով ներդրումներ:
Նշենք,ո ր նախարարները լրագրողների հարցերին պատասխանեցին Դիլիջանում` ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպման ժամանակ: Երկու օր Դիլիջանում քննարկվելու են Հայաստանում հեռահաղորդակցության հիմնախնդիրները:
«ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: