Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին լավատեսական կանխատեսո՞ւմը

Տնտեսություն

«Ես լավատես եմ, եւ վստահ եմ, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանի համար հնարավորություն է: Հնարավոր է ապահովել Հայաստանում տնտեսական կտրուկ աճ»,-այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա հայտարարությունը խիստ տարբերվում էր վարչապետի' «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ երեկ արված կանխատեսումներից

Նախարարի լավատեսությունը ինքնագոհություն համարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ  Վաչե Գաբրիելյանը: Նա նույնիսկ ինքնագոհությունը չափելու համեմատություն արեց, երբ ինքնագոհ մարդը սնկի թունավոր լինելը փորձում է այն ուտելու միջոցով, բայց սա լավագույն ձեւը չի:

 Վաչե Գաբրիելյանի ելույթը բավականին սուր էր' ի տարբերություն նախարարի լավատեսական կանխատեսումների: Գաբրիելյանը նկատեց, որ ներսում կան բավականին խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն եւ եթե չեն լուծվում, ուրեմն կան անձնական շահ, անձնական կապեր, կամ խնդիրները լուծելու անկարողություն: Բայց նաեւ հավելեց, որ ստվերային տնտեսության դեմ պայքարելու այնպիսի կամք, որ ցուցաբերում է ՀՀ այսօրվա կառավարությունը, ինքը նախորդ կառավարությունների մոտ չի նկատել:   

Իսկ ինչո՞վ է պայմանավորված էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը. «Ա1+»-ը փորձեց պարզել Ներսես Երիցյանից:

 «Իմ լավատեսությունը հիմնված  է մեր տնտեսության իմ պատկերացումների վրա, աշխարհում կատարվող իրողությունների, կանխատեսումների վրա,  այդ թվում այն ռեսուրսների վրա, որ մենք մոբիլիզացրել ենք եւ որը պետք է ուղղենք եւ ճգնաժամից հաղթահարմանը, եւ հետճգնաժամային աճի ապահովմանը, դրանով է պայմանավորված իմ լավատեսություն: Եվ երկրորդ, եթե ամբողջ աշխարհում կտեսնեք կառավարության մի ներկայացուցիչ, որը լավատես չի, ուրեմն ինքը սպառել է իրեն»,-«Ա1+»-ին ասաց պարոն Երիցյանը:

Երիցյանի «հերթական տարօրինակ ձեւակերպման» վրա զարմացավ միջազգային համաժողովին երկու օրերի ընթացքում հետեւած տնտեսագետ, ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը. «Այս դահլիճում երեկ տեսակետներ հնչեցին, որ ճգնաժամը դեռեւս չի ավարտվել, հոռետեսական կանխատեսումներով անգամ ՀՆԱ-ի 20 տոկոս անկում է սպասվում, իրականում չափից ավելի վատ վիճակում է գտնվում տնտեսությունը, քան կարող են պատկերացնել այն մարդիկ, ովքեր պատասխանատու են, եւ ցավոք սրտի' նաեւ այն մարդիկ, ովքեր այլ երկրներից եկել են եւ այստեղ ներկայացնում են իրենց տեսակետները, որովհետեւ իրական պատկերը ՀՀ ներկայացուցիչներից ոչ ոք չի ուզում ներկայացնել, իսկ մարդիկ, ովքեր պետք է համապատասխան եզրակացություններ անեն, չեն կարող պատկերացում ունենալ իրավիճակի մասին»: Վահագն Խաչատրյանը նաեւ «Ա1+»-ի համար կանխատեսում արեց. «Ես համոզված եմ, որ սեպտեմբեր-հոկտեմբերին վիճակն ավելի կվատանա, սոցիալական վիճակը կսրվի, աշխատատեղերի կորուստ կունենանք եւ այն միջոցառումները որ իրականացնում է ՀՀ կառավարությունը, որոնք միտված են շինարարարությանն ու լեռնամետալուրգիայի զարգացմանը, այդ արդյունքները չեն տա: Իսկ նախարարը երեւի մտածում է' վերջին լավատեսական կանխատեսումն անի, միգուցե դրանով սփոփի հասարակությանը, որ միգուցե վիճակը լավանա»:

«Ա1+»-ը նախարարի լավատեսության ֆոնի վրա հետաքրքրվեց նաեւ, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ մտավորականներն ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի սկսել են դիմել սոցիալական ծառայություններ' նպաստ ստանալու խնդրանքով: Նախարարի պատասխանն ավելի քան տպավորիչ էր. «Այնքան լավն են մեր տրամադրած նյութական փաթեթները, որ անգամ մտավորականներն են ձգտում ստանալ այդ նպաստը»: