Մինչեւ սեպտեմբեր 790 մլն ԱՄՆ դոլար վարկ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Կառավարության կողմից տարվա սկզբից տարվող վարկային 4 ուղղություններով բոլոր բանակցություններն այսօր հաջողությամբ ավարտվեցին: Ասիական զարգացման եւ Համաշխարհային բանկերի, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվելիք վարկերի առումով այսօր ստացվեցին դրական որոշումներ: Իսկ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրած 500 մլն ԱՄՆ դոլարի վարկն արդեն տեղաբաշխված է: Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ եւ ՀԲ-ի միջեւ ստորագրվեց վարկային 60 մլն ԱՄՆ դոլար բյուջետային վարկի համաձայնագիր: Այն, ըստ նախարարի` ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի փակմանը: Ի դեպ, կառավարությունը ԱԺ օրենքի նախագիծ է ներկայացրել` թույլտվություն խնդրելով ՀՆԱ-ի մեջ բյուջետային դեֆիցիտը ավելացնել մինչեւ 7,5 տոկոս, որը, ըստ հաշվարկների` աննախադեպ ցուցանիշ է ՀՀ-ի համար: Բանն այն է, որ վերջին տարիներին բյուջետային դեֆիցիտը երբեք չի գերազանցել 3 տոկոսը եւ ծրագրավորվածից եղել է ավելի ցածր մակարդակի վրա:
Երեկ գիշեր էլ ՀՀ-ին 80 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրման որոշում է կայացրել նաեւ Ասիական զարգացման բանկը: Ամենախոշոր ներդրումը լինելու է ԱՄՀ-ի կողմից շուրջ 150 մլն դոլար վարկը:ԱՄՀ խորհուրդն արդեն այդ մասին որոշում է կայացրել եւ այդ նպատակով, Տիգրան Դավթյանի ասելով` մտադիր են հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որպեսզի այս համաձայնագիրը վավերացվի: «Հիմա այդ բոլոր համաձայնագրերը ընթացքի մեջ են եւ մինչեւ սեպտեմբեր ներպետական ընթացակարգերի ավարտից եւ Սահմանադրական դատարանի վավերացումից անմիջապես հետո կստանանք դրանք ամբողջ ծավալով:
Դա լուրջ երաշխիք է, որպեսզի այս տարի կատարենք բյուջեով նախատեսված բոլոր ծախսերը: Սակայն պետք է ասեմ, որ բյուջեում հիմա բոլոր անհրաժեշտ ռեսուրսները կան եւ նախատեսված ծախսերը կլինեն ճիշտ ժամանակին`առանց ուշացումների»,-նշեց նա:
Վարկային այս փաթեթը, նախարար Դավթյանի վստահեցմամբ` արտոնյալ կամ փափուկ պայմաններով վարկեր են` 20 -40 տարով, 0,75 տոկոսով: Ըստ նրա` սրանք ազատ, չկապակցված վարկեր են, այսինքն` դրանք ՀՀ Կառավարությունը ինքնուրույն է տնօրինելու եւ դրանք բոլորն արտացոլվելու են բյուջեում: Տիգրան Դավթյանի ասելով` այս վարկերից որոշ ռեսուրսներ թողնելու են նաեւ 2010թ. բյուջեի համար, հատկապես ԱՄՀ-ի վարկի մոտ կեսը: Ռուսական վարկի մի մասը եւս նախատեսվել է հաջորդ տարվա համար, իսկ այս տարի վարկից շուրջ 24 մլրդ դրամ կօգտագործվի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար: Ի դեպ, ներքին շուկայից եւս շուրջ 24 մլրդ դրամի միջոցներ կուղղվի դեֆիցիտի ֆինանսավորմանը:
Իսկ այն հարցին, թե արդյոք բոլոր այս վարկերը ռիսկային չե՞ն մեր երկրի համար, որն ունի բավականին մեծ արտաքին պարտք, նա պատասխանեց. «Այն ռիսկային չի համարվում. իհարկե, արտաքին պարտքի ծավալը մեծանալու է, սակայն ունենք բազային բավականին ցածր մակարդակ` տարվա սկզբին մոտավորապես 13-14 տոկոս: Դա կառավարության պարտքն է, որին գումարած նաեւ Կենտրոնական բանկի պարտքը, ընդհանուր առմամբ մոտակա 1-2 տարիներին կունենանք ՀՆԱ-ի հարաբերակցությամբ ամենից շատ 38 տոկոսի պարտք: Դա համարվում է ընդունելի, կառավարելի. ռիսկային համարվում է 50 տոկոսից ավելին պարտքը»: