Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերականգնումը կլինի դանդաղ ու կցկտուր

Տնտեսություն

Ճգնաժամի առաջին փուլում նախապատվությունը տալով ֆինանսական կայունությանը` ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀ-ն զերծ մնաց ավելորդ ցնցումներից:

«Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա» միջազգային կոնֆերանսի ժամանակ ամբողջությամբ նկարագրելով եւ ամփոփելով համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը ՀՀ-ի վրա` վարչապետն ընդգծեց, որ մեր հիմնական հպարտությունը կայուն բանկային համակարգն է, որը դիմագրավելով ճգնաժամին` ունի բավականին գրավիչ շահութաբերության մակարդակ:

ՀՀ մակրոտնտեսական ամենամեծ խնդիրը, ըստ նրա` շինարարության աճի տեմպերի դանդաղումն էր, իսկ հետագայում նաեւ` ցուցանիշների նվազումը: Սա բացասական ազդեցությունն ունեցավ տնտեսության զարգացման վրա: Դրա հետեւանքով այս տարվա 5 ամիսների արդյունքները ամփոփելով` ունենք շուրջ 16 տոկոս տնտեսական անկում: «Մոտակա ամիսների ընթացքում մենք կանխատեսում ենք, որ այդ ցուցանիշներն էլ ավելի կվատթարանան: Ցուցանիշների բարելավում ակնկալում են միայն տարվա վերջին»,- նշեց նա:
Այս տարվա հունիսի տվյալներով ճգնաժամի հետեւանքով կտրուկ նվազել է նաեւ գնաճային ճնշումների ֆոնը եւ արդյունքում հիմա գտնվում ենք ավելի ցածր գնաճային ճնշումների դաշտում: «Դա դարձյալ պայմանավորված է մեր մակրոտնտեսական ցուցանիշներով:Օրինակ` 2008թ. արդեն մոտեցել էինք գնաճային 10 տոկոսանոց ճնշումների ֆոնին, որը բավականին բարձր էր»,- ընդգծեց վարչապետը` ավելացնելով, որ բոլոր այս բացասական ցուցանիշներն իրենց ազդեցությունը թողնում են մեր հարկահավաքման եւ բյուջեի վրա:

Դրական միտումն, ըստ նրա` այն է, որ բյուջեն ու դրամավարկային քաղաքականությունն այսօր գտնվում են իրենց ընդլայնողական փուլում, որը դրական ազդեցություն պետք է թողնի ՀՆԱ-ի վրա: Վարչապետը եւս մեկ անգամ նշեց, որ կառավարությունը հակված չի եղել կատարել բյուջեի ծախսերի կրճատումներ: Դրանք, ըստ նրա` իր բացասական ազդեցությունը կթողնեին մակրոտնտեսության վրա: «Այդ պարագայում միակ ճանապարհը ծախսերի չկրճատմամբ դեֆիցիտի ավելացումն է: Մենք գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով` համագործակցելով ԱՄՀ-ի, ՀԲ-ի, Ասիական բանկի հետ` հայթայթելով միջոցներ` ճգնաժամին դիմագրավելու համար»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն էլ ընդգծեց, որ ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին անհրաժեշտ է պահպանել մակրոտնտեսական կայուն չափանիշները: Իսկ քանի որ շինարարության ոլորտում կատարվող ներդրումներն այս պահին իրենց չեն կարող արդարացնել, նա խորհուրդ տվեց գտնել ներդրումային այլ ոլորտներ: Դրա համար, ըստ նրա` նպատակահարմար են այն բնագավառները, որոնք ուղղված կլինեն աղքատ խավի օգնությանը, որպեսզի այն ուժգին չզգա ճգնաժամի հարվածները: Նա չմոռացավ հիշեցնել, որ «ճգնաժամերն ուղեկցվում են սոցիալական անհավասարություններով, իսկ կայունության վերականգնումը լինում է դանդաղ ու կցկտուր»: