Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջեթրո Թալ»-ը զարմացած է (տեսանյութ)

Մշակույթ

Առաջին անգամ Հայաստանում է անգլիական լեգենդար «Ջետրո Թալ»-ը: 20-րդ դարի ամենաճանաչված ռոք խմբերից մեկի երաժիշտներն այսօր հանդիպեցին հայ լրագրողների հետ:

Վաղը »Ջետրո Թալը» միայն մեկ համերգ կունենա Երեւանի մարզահամերգային համալիրում: Բրիտանացի երաժիշտների համար անսպասելի է եղել, որ Հայաստանում ունեն բազմաթիվ երկրպագուներ:
Իսկ 40 ամյա գործունեության ամենակարեւոր փոխհատուցումը երաժիշտները համարել են 4 տասնամյակ իրենց նկատմամբ մարդկանց սերն ու նվիրումը:

Խմբի ամենաերկարակյաց կիթառահար Մարտին Բարրը նկատում է, որ իր համար միշտ ցանկալի եւ հաճելի է նվագել երիտասարդ երաժիշտների հետ, իսկ որպես յուրատեսակ կայունության դրսեւորում տեղեկացրեց, որ արդեն 30 տարի ամուսնացած է նույն կնոջ հետ, երբեմն երբ ընտանեկան բնույթի հարցեր է ունենում` դիմում է խմբի մյուս «հնաբնակին»`Յան Անդերսենին. սրանով Մարտին Բարրն ընդգծեց իր եւ Անդերսենի մտերմության աստիճանը:

Բացառիկ համերգի ընթացքում խումբը կներկայացնի 60-ականների իրենց ալբոմներից գործեր: Անդերսենը նկատեց, որ այն երկրում, որտեղ իրենք առաջին անգամ են լինում, որպես կանոն կատարում են հին երգերը` ճանաչողական նկատառումով:

Երաժիշտներն այսօր խոստովանեցին, որ իրենք «Ռոլինգ Սթոունզ»-ի նման ճանաչում չունեն թերեւս այն պատճառով, որ մի տեսակի երաժշտություն չեն նվագում. նրանց գործերում կա եւ ռոք, եւ ջազ, եւ ֆոլկ, արեւելյան ելեւէջներ:

Իսկ այլ խմբերի կատարմամբ լսո՞ւմ են իրենց երաժշտության էլեմենտներից` հարցին Յան Անդերսենը պատասխանեց, որ երբեմն լսում են, բայց դա նրանց չի զայրացնում, նույնիսկ հետաքրքիր է երիտասարդների կողմից իրենց գործերի ընկալումը:

Իսկ հնարավոր է արդյոք, համագործակցություն հայ երաժիշտների հետ, հատկապես այն պարագայում, երբ «Ջետրո Թալի» ստեղծագործությունների վրա մեծացել է մի քանի սերունդ:

Երաժիշտները հայտնեցին, որ իրենք բաց են համագործակցության համար, եւ ավելացրին, որ ունեն նման համագործակցության փորձ հնդիկ երաժիշտների հետ:

Իսկ արդյոք «երիտասարդ սերունդը»` երաժիշտների երեխաները, լսում են իրենց ծնողների ստեղծած երաժշտությունը: Այս հարցին պատասխանեց Յան Անդերսենը. «Իմ տղան լսում էր մեր երաժշտությունը, մինչեւ իր համար չհայտնաբերեց իմ կողմից շատ սիրելի Ջիմի Հենդրիքսին»: