Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլեգ Յանկովսկին մահացել է

Մշակույթ

«Ժպտացեք, պարոնայք, ժպտացեք. խելացի դեմքը դեռեւս խելքի նշան չէ, պարոնայք, բոլոր հիմարություններն աշխարհում կատարվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ»:

Մյունհաուզենի այս խոսքերը նորովի իմաստավորվեցին հարյուր հազարավոր կանանց սիրտը գրաված, հանրահայտ եւ սիրված դերասան Օլեգ Յանկովսկու շնորհիվ:

Նրա մարմնավորած բոլոր կերպարները խիստ որոշակի վերաբերմունք էին ձեւավորում. հնարավոր չէր անտարբեր մնալ նրա խաղին, նրա մարմնավորած կերպարին: Ռուսաստանը, նախկին խորհրդային հանրապետությունները կորցրին Մյունհաուզենին, Սերգեյ Կամիշեւին, կախարդին, իմպերատորին, սիրեկանին...

Այսօր 66 տարեկան հասակում Օլեգ Յանկովսկին կնքեց իր մահկանացուն:

Նա տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով:

Վերջին շրջանում հիվանդության պատճառով նա հրաժարվել էր շատ դերերից, սակայն իր հարազատ «Լենկոմ» թատրոնում նա պահպանում էր մի դեր' Գոգոլի' «Ամուսնություն» պիեսում:

Ուղիղ մեկ ամիս առաջ, ապրիլի 20-ին նրան հիվանդանոց տեղափոխեցին հենց թատրոնի բեմից: Բայց նա նորից չտրվեց հիվանդության ճիրաններին եւ անգամ մեկ շաբաթ առաջ նորից բեմում էր'Գոգոլի' «Ամուսնություն» պիեսի գլխավոր դերում:

Յանկովսկին մինչեւ վերջ մնաց բեմում:

Նա նույնիսկ կինոյում խաղաց' 2009 թ «Ստիլյագներ» ֆիլմում մարմնավորելով «ոսկե երիտասարդության» ներկայացուցչի դիվանագետ հոր եւ «Իվան Ահեղ եւ Մետրոպոլիտ Ֆիլիպ» ֆիլմում' Ֆիլիպի կերպարը:

Օլեգ Յանկովսկին խաղացել է ավելի քան 70 գլխավոր դեր կինոյում եւ բազմաթիվ դերեր թատրոնում, իսկ առաջին անգամ թատրոնի բեմ դուրս է եկել 14 տարեկան հասակում Մինսկում, երբ պետք էր փոխարինել հիվանդացած դերասանի: Հենց այստեղ էլ առաջացավ նրա սերը դեպի թատերարվեստ, որը նրա մեջ սերմանել է ավագ եղբայրը' Ռոստիսլավը:

Այսօր Օլեգ Յանկովսկին մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա ստեղծած տաղանդավոր ֆիլմերը: