Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավ կատարում, վատ երգ»

Մշակույթ

Ջազմեն Չիկոյի (Արմեն Թութունջյան) կարծիքով` Հայաստանն այլեւս չպետք է մասնակցի «Եվրատեսիլի» մրցույթին: Կոմպոզիտոր Արամ Սաթյանը համակարծիք չէ:

Այսօր «Հայելի» ակումբում բանավեճի թեման «Եվրատեսիլն» էր եւ Հայաստանի ներկայացուցիչների ելույթը:

Եթե կոմպոզիտոր Արամ Սաթյանը հիացմունքով էր խոսում մրցույթի մասին, լավ տպավորված էր, «առաջին անգամ էր հայերին այդպես պատրաստված տեսնում», ապա Չիկոյի համար «Եվրատեսիլը» մնում է անհայտ մրցույթ չգիտես ինչի մասին:

«Սա մի կուտակում էր գնում, որտեղ հայերը կարողացան շատ լուրջ ներկայանալ»,- նշեց Արամ Սաթյանը, իսկ Չիկոն իր բանախոսին լսելուց հետո` ասաց. «Խեղդվեցի Սաթյանի լավատեսության օվկիանում: 55-րդն էլ թող լինի ու հետո հանդիսավոր փակվի: 54 տարվա պատմություն ունի, բայց չեմ հասկանում, թե մրցույթն ինչի մասին է»: Սաթյանը պատասխանեց, որ այն նպատակ ունի միացնել տարբեր ազգերի իրենց մշակույթներով, ինչի հետ չհամաձայնվեց Չիկոն:

Երկու բանախոսներն էլ համակարծիք էին, որ Արշակյան քույրերը լավ երգեցին, բայց համարում են, որ լավ երգ ընտրված չէր:
Նրանք քննադատության թիրախ դարձրեցին Կոմպոզիտորների միությանը, որ «ձեռքերը լվացել է եւ ոչ մի բանի չի խառնվում»:

Ավելին, Արամ Սաթյանը անկեղծացավ, որ իրեն ոչ ոք այս տարիների ընթացքում չի դիմել, որպեսզի նորմալ երգ գրի «Եվրատեսիլի» համար: Ըստ նրա` Հայաստանի երգը էկլետիկ երգ էր. «Կարծես թե ամեն անգամ ուզում են ապացուցել, որ մենք ավելի արեւելքի ազգ ենք, քան կողքի պետությունները: Մենք 4 անգամ է, որ մասնակցում ենք, այդ արեւելքը արդեն մարդկանց խեղդում է: Ամեն անգամ «Եվրատեսիլում» նոր բան է պետք ասել: Երգը պետք է ներկայացնի ազգը, բայց ոչ այդպես: Մեր հարեւաններինը եվրոպական երգարվեստին մոտ երգ էր»: Չիկոյի կարծիքով` երգիչները մեղք են, քանի որ նրանց վզին ամեն երկրում փաթաթում են վատ երգ եւ անընդհատ երգել տալիս, իսկ հայերն էլ, որ Սփյուռք չունենային` 25-26 տեղը պետք է զբաղեցնեին: Վերջինս ընդունում է, որ սա քաղաքական մրցույթ է, այնուամենայնիվ հասկացել է, որ «քաղաքականությունն էլ վայր կդնի զենքը, երբ հնչում է պարզ, անկեղծ երաժշտություն»: /Ի նկատի ունի «Եվրատեսիլի» այս տարվա հաղթողներին,-խմբ./ Բացի այդ, նա շնորհակալություն հայտնեց աղջիկներին, որ Հայաստանին ծանր վիճակի մեջ չդրեցին եւ չհաղթեցին, քանի որ Հայաստանը Ռուսաստանից հետո ինչպե՞ս պետք է կազմակերպեր մրցույթը:

Ի դեպ, Չիկոյին այնքան էլ չէր հետաքրքրում «Եվրատեսիլը»: Վերջինս ավելի շատ տպավորված էր նույն ժամանակահատվածում անցկացված մեկ այլ մրցույթից:

«Եվրատեսիլի» իրադարձությունների կողքին աննկատ մնաց մի շատ ուրախալի լուր: Մոտավորապես նույն օրերին Բուխարեստում տեղի ունեցավ «Եվրոֆեստ» միջոցառումը, որին մասնակցեց նաեւ «Art Voices» հայկական խումբը, որը վերադարձավ Գրանտ պրիով»,- փաստեց Չիկոն` ավելացնելով, որ խումբը մեկնել է մրցույթի միայն Շուշան Պետրոսյանի օժանդակությամբ, քանի որ պետությունը «կարողացավ միայն «Եվրատեսիլի» համար մոբիլիզացնել իր ողջ ուժերը»: