Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Մեկ կադր - մեկ րոպե"

Մշակույթ

"Մանուկները սովի են մատնված, քաղաքական գործիչները չաղանում են, ի վերջո, ո՞րն է մարդկության ամենամեծ խնդիրը",-հարցնում է կինոռեժիսորը իր մեկ րոպեանոց ֆիլմում ու հարցը անպատասխան թողնում: Մեկ այլ ֆիլմի հեղինակ փորձում է պարզաբանել թե ինչ-որ տարօրինակ խաղը երբ կավարտվի:

Այսպիսին է "Մեկ կադր - մեկ րոպե" կինոփառատոնի ֆիլմերի ընդհանուր բնութագիրը, որը այսօր մեկնարկեց' Հայաստանում արդեն 7-րդ անգամ: 2003թ-ին հիմնադրված կարճ նորարարական ֆիլմերի փառատոնը այս տարի կցուցադրի Հայաստանի եւ արտերկրի 103 հեղինակների ֆիլմեր:

Կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Գագիկ Ղազարէն նշում է, կարեւորը ֆիլմերում ասելիքն է, քանի որ օրինակ' բջջային հեռախոսով նկարված մի քանի վայրկյանը կարող է ավելի խոսուն լինել, քան 2 ժամանոց պրոֆեսիանալ տեխնիկայով նկարված ֆիլմը: Իսկ փառատոնի «կարճ ֆիլմեր» անվանակարգի ժյուրիի նախագահ կինոքննադատ Զավեն Բոյաջյանը նշում է, որ այս տարի նախորդ տարիների համեմատ մրցանակի հավակնորդները շատացել են եւ տարեց տարի ներկայացվող ֆիլմերի որակն ու աշխարհագրությունը ընդլայնվում է:

«Ոչ ոք չէր կարող կարող պատկերացնել 7 տարի առաջ, որ ինտերնետով կարելի է վիդեո նայել: Այսօր արդեն հեռուստատեսային ծրագիրը կարող ես ստանալ բջջայինի հեռախոսիդ: Ի՞նչ եք կարծում, հեռախոսով հեռուստածրագիր նայող զանգվածը կարող է 90 րոպեանոց ֆիլմ դիտել: Ոչ պաշտոնական, ոչ ֆորմալ, առաջին ձեռքից դուրս եկած ինքնաարտահայտման այս իմուլսը ապագա են թելադրում, սա է կինոյի ապագան»,-կարծում է «Մեկ կադր - մեկ րոպե» անվանակարգի ժյուրիի նախագահ ռեժիսոր Արա Շիրինյանը:

Նշենք, որ փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է «մեկ կադր», «կարճ կինո» և «կինո առանց սահմանի» անվանակարգերից: Ընդհանուր բնորոշմամբ փառատոնը արտադրական է եւ հայտ ներկայացրած բոլոր հեղինակների նկարահանման, մոնտաժի աջակցություն է ցուցաբերվել, իսկ ամեն նախորդ տարվա հեղինակների ֆիլմերը ներկայացվել են եվրոպական նմանատիպ փառատոնների եւ մրցանակներ շնորհվել:

Փառատոնը կտեւի մինչեւ մայիսի 24-ը եւ բաց կլինի բոլոր ֆիլմասերների համար: «Մեկ կադր - մեկ րոպե» փառատոնի ընթացքում նախատեսվում են նաեւ վարպետության դասեր ու քննարկումներ հայտնի կինոքննադատների, կինոռեժիսորների եւ հենց ֆիլմերի հեղինակների մասնակցությամբ: