Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՆՑՆԵԼ ՊՐՈԳՐԵՍԻՎ ՀԱՐԿԻ»

Տնտեսություն


ՀՀ իշխանությունն այսօր չի կատարում ՀՀ Սահմանադրության ամենաառանցքային դրույթներից մեկը. ՀՀ սոցիալական պետություն է, բայց այսօր տարվող հարկային քաղաքականությունը չի նպաստում սոցիալական պետության կայացմանը:


«Ստվերի հաշվին կուտակվում են մեծ միջոցներ, ունենում են էլիտար շենքեր, հյուսիսային պողոտաներ, կղզիներ, կղզիներում` հանգստյան տներ, համմերներ, ընդ որում` նաեւ իրենց պահակախմբերի համար, բայց գույքահարկ չեն վճարում, կամ եթե վճարում էլ են, ապա 20 տարվա «Ժիգուլու» չափով,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ Մովսես Արիստակեսյանը:


Նա գտնում է, որ ժամանակն է անցնել պրոգրեսիվ հարկի. «Այսօր շահութահարկը 20 տոկոս է եւ փոքր բիզնեսի համար, եւ խոշոր. պարզ է` գործարարը բիզնեսը կմեծացնի, մի բան էլ` վնաս ցույց կտա: Իսկ պրոգրեսիվ հարկի պարագայում` ինչքան շահույթը մեծանում է, այնքան շատ հարկ պետք է վճարի, դա կլինի սոցիալական գործընկերության առհավատչյան, եւ դա պետք է սկսել առաջին հերթին «Գույքահարկի մասին» օրենքից»:


Այսօրվա իրավիճակը նկարագրելիս Մովսես Արիստակեսյանը նկատում է, որ «Ավելացված արժեքի մասին» օրենքի փոփոխություններում այնպիսի սողանցքներ են թողնված, որոնք բխում են խոշոր բիզնեսի շահերից: Մինչդեռ օրենքը խստացվում է մանր ձեռներեցների համար:


«Առանց ԱԱՀ-ի 58.35 մլն դրամի շրջանառություն ունեցող եւ այդ շեմը չանցնող կազմակերպությունները համարվում են ԱԱՀ չվճարողներ եւ գործում են այդ օրենքից դուրս. բայց երբ մենք 58,35-ը դարձնենք ամբողջ հասույթ, ինչպես ավելացված արժեքի հարկն էր, ապա սա դառնում է 70 մլն, այսինքն, խստացրել են օրենքը: Նախկին պարզեցված հարկի 50 մլն դրամի շեմն էր: Նույն կարգով խոշոր բիզնեսները կարող են մասնատել 70 մլն-ի չափով եւ մտնել առանց ԱԱՀ-ի դաշտ»:


Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը միահամուռ կողմ է քվեարկել օրենսդրական վերջին փոփոխություններին, միայն դեմ է քվեարկել «Ժառանգություն» խմբակցությունը:


Փոխարենը նույն վճռականությամբ, կոալիցիան դեմ քվեարկեց հաստատագրված վճարներին, որը չէր բխում խոշոր բիզնեսի շահերից: «Այդ թվում` ԲՀԿ-ի շահերից, դրա համար դեմ քվեարկեց, որովհետեւ անդրադառնում էր հյուրանոցային, գազի բիզնեսին»,-ասում է Արիստակեսյանը:


«Հայաստան» առեւտրի կենտրոնը ընդամենը 154 մլն դրամ է վճարում հարկ եւ հարկատուների ցուցակում ընդամենը 489-րդ տեղում է, իսկ 2006-2007-ին 1000 հարկատուների ցանկում չկա: Բայց թե ինչպիսի ունեցվածք եւ շահույթ ունի կենտրոնի սեփականատերերը, որեւէ մեկի համար գաղտնիք չի: Հիշեցնենք, որ Հայրապետյան եղբայրները, ում պատկանում է «Հայաստան»առեւտրի կենտրոնը, ԲՀԿ-ական են:


«Ռաֆայել-Տաթեւ» ՍՊԸ-ն` «Հրազդան» մարզադաշտի տոնավաճալո» հարկատուների ցուցակում 347-րդ է, Մալաթիայի տոնավաճառը` 128-րդ տեղում է, թեեւ հետընթաց է ապրել. եթե 2006-ին 98-րդ հարկատուն էր, ապա այժմ 128-րդը. «Տնտեսական աճի, 4.5 անգամ ներմուծման ծավալների մեծացման եւ առեւտրի աշխուժացման պարագայում հարկերն անընդհատ պակաս է մուծում: Այսինքն, աճը ոչ մի կերպ չի ազդում հարկային եկամուտները ավելացնելու վրա»,- նկատում է Մովսես Արիստակեսյանը: Ի դեպ, շահույթով եւ վնասով աշխատող ձեռնարկությունների ցանկից թվում է, որ փոքր ու միջին բիզնեսը ավելի շահութաբեր է աշխատում, քան խոշոր բիզնեսը:


Մովսես Արիստակեսյանը գտնում է, որ «Պարզեցված հարկը պետք է գործեր, մինչեւ տնտեսական ճգնաժամի ավարտը. այդպիսի հարկ, ըստ էության, չպետք է լինի, բայց առայժմ պետք է արվեր փոփոխություն, շեմը` 50 մլն համախառն արդյունքը իջեցնել 10 մլն-ի, եւ օրենքում փոփոխություն արվեր, որ որեւէ կերպ խոշոր բիզնեսը չկարողանար մասնատել եւ փոքր բիզնեսի շարք մտներ իրենց բիզնեսը»: