ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Աշխարհահռչակ արծաթագործ, արվեստագետ Արծրուն Բերբերյանի 84-ամյակն այսօր հարազատներն ու մտերիմները նշում էին նրա կիսավեր արվեստանոց-թանգարանում:
Ամեն տարի արվեստագետի ծննդյան օր նրա դուստրը` Անահիտ Բերբերյանը, բողոքի ակցիաներ է կազմակերպում, ինչպես այսօր: Այսօր նա որոշել էր շենքի բակում միայնակ այն անցկացնել, իսկ այնուհետեւ` եկան Արծրուն Բերբերյանի մտերիմներն ու ակցիան անցկացվեց արվեստանոցում:
Արվեստանոցը գտնվում է Նալբանդյան 31 հասցեում եւ նախկինում զբաղեցնում էր 150 քառ. մետր տարածք: Խորհրդային տարիներին արվեստանոցը եղել էր Ժողարվեստի թանգարանի մասնաճյուղ, սակայն սեփականաշնորհումից հետո այն պետք է վնորոգվեր ու անցներ պետական հովանավորության տակ:Սակայն բազմաթիվ պատճառներով տան նորոգումը ձգձգվում էր: Այս ընթացքում մահանում են թե Արծրուն Բերբերյանը, թե նրա որդին:
Ամբողջ պատմությունը սկսվում է 2000թ., երբ նույն շենքի 9-րդ հարկում բնակվող ոմն Էդուարդ Թախունց սկսում է հաճախակի այցելել արվեստանոց եւ համոզել նրան` պայմանագիր կնքել իր հետ: Ըստ պայմանագրի` նա պարտավորվում էր վերանորոգել արվեստանոցը, սակայն դրա փոխարեն արվեստանոցի ծայրում 20 քառ. մետր տարածք էր պահանջում գրասենյակի կամ ավտոտնակի համար: «Թախունցը խոստացել էր ստեղծել այնպիսի թանգարան, որ իր անուն էլ պատին կգրվի` որպես բարերար: Հետագայում ես հասկացա, որ նրան միայն մի ոտատեղ էր պետք, որ տիրանա ամբողջ տարածքին»,- «Ա1+»-ի հետ զրուցում պատմեց Անահիտ Բերբերյանը:
Թախունցը Անահիտին ներկայացել էր իբրեւ էլիտար շենքերի շինարար` «Բիզնես կոնտակ» կազմակերպությունից, որը վայելում է Երեւանի քաղաքապետի վստահությունը: Ավելի ուշ` Անահիտն իմանում է, որ նա անընդհատ ՍՊԸ-եր էր բացում-փակում, որպեսզի տարբեր մարդկանց հետ կատարած գործարքների հետքերը կորցնի: «Ես միշտ մերժում էի նրան, չէի վստահում: Բայց քանի որ եղբորս պետք էր վիրահատել, ես համաձայնվեցի նրա հետ»,- ասում է նա:
Շուտով Թախունցը սկսում է պահանջ ներկայացնել ամբողջ տարածքի նկատմամբ եւ 2000թ. դատարանի որոշմամբ նրան տրվեց տարածքի մոտ 90 քառ. մետրը, իսկ Անահիտ Բերբերյանին մնաց ընդամենը 82 քառ. մետրը: Այսօր նա ապրում եւ ստեղծագործում է հենց արվեստանոցում` առանց էլեկտրաէներգիայի, ջրի, հեռախոսագծի, պատուհան-դռան, եւ իր ուժերով սկսել է վերանորոգում: Անահիտը շարունակում է հոր գործը` զբաղվում արծաթագործությամբ, պատրաստում զարդեղեն:
ՀՀ Մշակույթի նախարարությունը խնդրի առնչությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն այս պահի դրությամբ գործը դեռ սառեցվել է: Այժմ` Թախունցին պատկանող տարածքը եւ Բերբերյանի արվեստանոց-թանգարանը միմյանցից բաժանվում են ընդամենը մի բարակ պատով:
«Ես համարում եմ, որ պայքարը շարունակական գործընթաց է եւ արագ արդյունքի պետք չէ սպասել: Ես ուղղակի չեմ կամենում, որ այսպիսի մարդիկ շարունակեն իրենց գործունեությունը: Եթե նրանց պատիժ չի հասնում, գոնե իմանան, որ հսկողություն կա ու բարձրաձայնվում է այդ մասին»,- բողոքի իր ակցիան մեկնաբանեց Անահիտ Բերբերյանը: