ՎԵՐԱԾՆՎԱԾ ՔԱՂԱՔ ՍՊԻՎԱԿՈՎԸ ՉՏԵՍԱՎ
Աջակցիր «Ա1+»-ին
«Ես դեռ 1988թ. երկրաշարժի ժամանակ զգացի, որ Հայաստանն ուղղակի իմ հայրենիքն է, որ այս մարդիկ, նրանց դժբախտությունն ինձ հարազատ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց աշխարհահռչակ դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը, որի մուտքը ներկա գտնվողները դիմավորեցին ծափողջյուններով: Մինչ կպատասխաներ լրագրողների հարցերին՝ նա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ 2-րդի հիշատակը:
Դեկտեմբերի 3-6 «ԱրմենՏել» ընկերության եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի հովանավորությամբ Հայաստանում համերգներով հանդես եկող «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը վաղը Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի՝ կնվագի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Դեկտեմբերի 4-ին նվագախումբը հանդես է եկել նաեւ Գյումրիում:
Լինելով Գյումրիում՝ Վլադիմիր Սպիվակովի ասելով՝ իր հիշողություններն ու վերքերը միայն կրկնապատկվեցին: «Երբ դեկտեմբերի 7-ից ընդամենը մի քանի օր անց եղանք Գյումրիում, տեսանք նախկին կյանքի մնացորդներ՝ կիսավեր տներ, վշտից այլայլված դեմքեր: Այժմ լինելով այստեղ՝ ես չեմ կարող ասել, որ տեսա վերածնված քաղաք, դա ազնիվ չի լինի իմ կողմից: Սակայն ես տեսա երեխաներ, որոնք մեր համերգից հետո երգում էին: Այդ ժամանակ ես հասկացա, որ իմ գիտելիքները, ճիշտ է, բավականին հոռետեսական են, բայց իմ հավատը լի է լավատեսությամբ»,-անկեղծացավ նա:
Աշխարհահռչակ դիրիժորը պատմեց նաեւ, որ 1988թ. աղետից հետո, երբ համերգներով հանդես եկան Գյումրիում, իրեն ի նշան սիրո եւ հարգանքի՝ նվիրեցին մի փոքրիկ գորգ, որի վրա ծաղրածու էր պատկերված: Պարզվեց, որ գորգի հեղինակը մի երեխա, որը երկրաշարժի զոհն էր դարձել: «Այդ գորգն այժմ ճամփորդում է ինձ հետ ամբողջ աշխարհով: Գիտեք՝ 10 տարի անց ինձ նվիրեցին եւս մի գորգ, որն այժմ կախված է իմ երեխաների սենյակում: Այդ գորգն գործել է մի երեխա, որը ծնվել էր 1988թ. դեկտեմբերի 7-ին, բայց, ցավոք, նրա ծնողներն էին մահացել աղետից»,- պատմում էր Վլադիմիր Սպիվակովը:
Անդրադառնալով Երեւանում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած համերգին՝ Սպիվակովը չթաքցրեց, որ այն իրեն շատ էր դուր եկել: «Ես այդպես շատ հազվադեպ եմ արտահայտվում: Մենք շատ էինք կարոտել Հայաստանը եւ այս համերգասրահը, վաղուց այստեղ չէինք եղել»,- ուրախությամբ ավելացրեց նա:
Ինչ վերաբերում է արվեստի եւ մասնավորապես երաժշտության նշանակությանն իր համար, Սպիվակովը կարեւորեց այն, որ շատ մարդիկ «Մոսկվայի վիրտուոզներ»-ի համերգներից հետո ոգեշնչված են դուրս գալիս դահլիճից: «Շատերը նույնիսկ բանաստեղծություններ էին գրում ինձ համար: Ստացվում էր յուրատեսակ մի «էներգափոխանակություն», որը մարդու մեջ առաջացնում է ստեղծագործելու ունակություն, ոգեշնչվածություն: Այ սա է ինձ համար կարեւոր»,- ավելացրեց Վլադիմիր Սպիվակովը: