Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՅՆ ԴՈՒԴՈՒԿՈՎ ԵՐԳԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՉԷ

Մշակույթ


Ըստ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի՝ պետք է շատ զգույշ վերաբերվել հայ ժողովրդական արվեստին, որպեսզի ապահովվի նրա հաղթարշավը: Երգչուհու կարծիքով՝ չի կարելի դուդուկով կամ ժողովրդական այլ գործիքով նվագել եւ երգի անունը դնել ժողովրդական:


«Ժողովրդական անվան ներքո ծնված նոր երգերին ստեղծագործողներն, անշուշտ, պետք է շատ ուշադրություն դարձնեն, քանի որ մեր ճանաչված եւ ժողովրդի կողմից սիրված գուսաններից հետո պետք է շատ զգույշ մոտենան դրանց: Կամ էլ ուղղակի չպետք է դրանք անվանեն ժողովրդական երգ, այլ ուղղակի երգ, որը ստեղծվել է ինչպես մյուսները: Երբ երգն անցնում է ժողովրդին եւ սկզբից մինչեւ վերջ սկսում են երգել այն, դա նոր միայն ժողովրդականություն է վայելում եւ կոչվում ժողովրդական երգ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց երգչուհին՝ ավելացնելով, որ ինքն, այնուամենայնիվ, լավատես է եւ գիտի, որ կան երգեր, որոնք երկար կյանք կունենան, քանի որ «մեր երգի ուժը շատ ուժեղ է»:


Ֆլորա Մարտիրոսյանը, ճիշտ է, չունի որեւիցե կոչում, սակայն դա չի խանգարում նրան հպարտանալու, որ նաեւ իր երգարվեստի շնորհիվ աշխարհում ճանաչում ու սիրում են հայ ժողովրդական երգը: «Մեզ թվում է, թե որպես ազգ մենք փոքր ենք, փակված ենք մենք մեր մեջ, սակայն յուրաքանչյուր պրոդյուսեր, լսելով թեկուզ իմ կատարմամբ հայ երգը, հիանում է: Ես միշտ հպարտանում եմ դրանով, քանի որ ինձ լսելով ու հավանելով՝ հավանում են մեր երգը: Ես հայ եմ ու իմ երկրի, հողի ներկայացուցիչն եմ, ուրեմն նշանակում է՝ ես էլ կունենամ իմ հետնորդները: Այսինքն՝ մեր արվեստը մեծ բեմերում դեռ քայլելու է ու իր հաղթարշավն ունենալու է»,- կարծում է աշխարհահռչակ երգչուհին:


ՀՀ վաստակավոր երգչուհի, երգահան Լեյլա Սարիբեկյանը եւս փորձում է իր օրինակով ապացուցել, որ մեր ժողովրդականն ամենալավն է: Եթե մի քանի տարի առաջ ժողովրդական երգարվեստն ընդհանրապես չէր պրոպագանդվում, եւ այս դաշտն էլ գրավել էին մի քանի մարդ ու չէին թողնում, որ երիրտասարդներն առաջ շարժվեն, ապա հիմա առաջընթաց կա: Իսկ դա այն է, որ ժողովրդական երգն այսօր հնչում է երիտասարդների շուրթերից:


Երգչուհու կարծիքով, որպեսզի ժողովրդական եւ դասական երաժշտությունները սիրվեն, լսեն, պետք էր ուղղակի դրանք պրոպագանդել, որը չէր արվում մի քանի տարի առաջ: Դրա փոխարեն մեծ տեղ էր հատկացվում փոփ երաժշտությանը: «Այստեղ ինչ-որ չափով պետք է լինի նաեւ պետական մոտեցում, գոնե Հանրային հեռուստաընկերության եթերում շատ հնչի ժողովրդականը: Այն, ինչ ունենք, մենք էլ ինչ-որ չափով մեր մեղքի բաժինն ունենք: Մենք չպետք է տոմս առնենք ու գնանք լսելու ֆոնոգրամա, ծափահարենք այդ ամեն ինչին: Գումար ես տալիս, գալիս համերգ, ու երգիչը չի երգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն երգիչները, որոնք կենդանի կատարումով են հանդես գալիս, դարձել են այդ «չերգիչների» աչքի փուշը:


Ըստ նրա՝ մեր ժամանակաշրջանում կան լավ ստեղծագործող գուսաններ: Սակայն կան, այնպիսիները, որոնք փորձում են նմանակել, կապկել, արեւելյան ելեւէջներ մտցնել երգի մեջ: «Այս ռաբիզությունը գալիս է նաեւ գիտելիքի պակասից: Նախ այդ մարդիկ պետք է լինեն գրագետ, գոնե նորմալ դպրոց գնան, դաս սովորեն: Չէ՞ որ գուսանի մոտ խոսքն է առաջնայինը, խոսքով է ծնվում երգը: Իսկ այս անկոչ գուսանները վերցնում են մի ինչ-որ մեղեդի, տեղավորում այնտեղ ինչ-որ բառեր եւ արդյունքում ահավոր մի բան է ստացվում՝ սխալ շեշտերով ու բառերով: Եվ դա նրանց կարծիքով հայերե՞ն է: Խայտառակություն»,- կարծում է Լեյլա Սարբեկյանը:


Հետո, ըստ նրա՝ փորձում են ժողովրդական նվագարաններով այդ ամեն ինչը գործիքավորել, որ այդ երգիչն ունենա ուրախ, աշխույժ երգեր, որոնք ընդհանրապես կապ չունեն ժողովրդական երգարվեստի հետ, միայն թե նրան հրավիրեն հարսանիքների: Արդյունքում՝ ըստ երգչուհու՝ շատ տաղանդավոր երեխաների են փչացնում ժամանակավոր հաճույքների համար, գցում լրիվ սխալ, այլ դաշտ: «Ես շատ ափսոսում եմ դրա համար: Եթե դու քո ժողովրդին իսկապես տալիս ես իրենից, իր մեծերից ծնվածը, այն ետ ես վերադարձնում այսօրվա քո ասելիքով, ունես քո դեմքը, ապա դա միանշանակ գնահատվելու է»,- կարծում է վաստակավոր երգչուհին: