ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔՆ` ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ
Աջակցիր «Ա1+»-ին
Մասնավոր ուղղակի ներդրումների նվազում եւ հետաձգում, մասնավոր տրասնֆերտների կրճատում, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչեւ հումքի գների բարձրացումը, շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում եւ ներդրումների կրճատում. ահա այս ամենը հնարավոր է Հայաստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով: Այդ ռիսկերն ԱԺ ամբիոնից այսօր ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա` ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին Հայաստանին դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Եվ այժմ անհրաժեշտ է դիմակայել այդ ռիսկերին:
Այս իրավիճակում, վարչապետի վստահեցմամբ, ՀՀ կառավարության ջանքերն ուղղված են լինելու մակրոտնտեսական կայունության, ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը, ծրագրավորված տնտեսական աճը ապահովելու համար` լրացուցիչ խթանների բացահայտմանը եւ ներդրմանը:
«Տնտեսական աճին էապես խթանելու է նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի եւ ներդրումային հիփոթեքային հիմնադրամների ստեղծումը»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` կառավարությունն աջակցելու է բիզնես ծրագրերի մշակմանը եւ նախապատրաստմանը` հատկացնելով դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Վարչապետին կից ստեղծվելու է ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որի կողմից հայտարարվելու են բիզնես նախագծերի մրցույթներ:
Ճգնաժամի հետեւանքները հաղթահարելուն ուղղված քայլերի շարքում նա նշեց, որ ծրագրեր կան նաեւ «Զվարթնոց» եւ Գյումրիի օդանավակայաններում ազատ տնտեսական գոտիների ստեղծման վերաբերյալ:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում էր հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելու համար: Նա ելույթի վերջում պատգամավորներին ներկայացրեց կառավարության կարգախոսը` «Գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողությունների»:
Տիգրան Սարգսյանն իր ելույթում հիշեցրեց, որ զարգացած երկրներում հարյուրավոր խոշորագույն ընկերությունների սնանկացումը, ֆինանսական շուկաների աշխատանքի խաթարումը էապես փոխում են շուկայի մասնակիցների վարքագիծը: Քանզի գլոբալ տնտեսական ճգնաժամը հանգեցնում է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը, աշխատատեղերի կրճատմանը եւ գործազրկության աճին, համաշխարհային շուկաներում հումքի եւ որոշ ապրանքների գների նվազմանը: