Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ՎԵՐՑՆԵԼ ՈՒ ՉՓՈԽԱՆՑԵԼ»

Տնտեսություն

Մոտ 3-4 օր է՝ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից մարդիկ չեն կարողանում «յունի ստրիմ» համակագով փոխանցում կատարել Հայաստան: Երեւանաբնակ Անժելային Եկատերինբուրգում գտնվող ամուսինը հայտնել է, որ իրեն ասել են, թե «Յունիբանկ»-ը փակվում է եւ այլեւս հնարավոր չէ նրա միջոցով փոխանցում կատարել: Այս հարցով դիմեցինք ՀՀ Կենտրոնական բանկ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Զարուհի Բարսեղյանը «Ա1+»-ին ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ընդամենը Եկատերինբուրգում գործող «Յունիաստրում» բանկը, որը եւս իրականացնում է «յունի ստրիմ» համակարգով փոխանցում, 80 տոկոսով վաճառվել է «Bank of Cyprus Group»-ին: Ի դեպ, վաճառքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին 576 մլն ԱՄՆ դոլարով: Սա գնահատվել է իբրեւ հաջող գործարք բանկի համար: Բանկի նախագահը հայազգի Գագիկ Զաքարյանն է:

Ըստ Զարուհի Բարսեղյանի՝ «Bank of Cyprus Group»-ի հետ «Յունիաստրում» բանկի իրականացրած վաճառքի գործարքը ոչ մի կապ չունի փոխանցումների հետ: Իսկ «Յունիբանկ»-ի գործադիր տնօրեն Վարդան Աթայանը մեզ տեղեկացրեց, որ իրենց բանկը որեւիցե խնդիր չունի: «Ուղղակի «յունի ստրիմ» համակարգի մեջ եղել են բանկեր, որոնք տնտեսական այս ճգնաժամից փակվել են, քանի որ էլ փող չունեն: Եթե որեւիցե երկրի ԿԲ-ն լիցենզիան ետ է վերցնում տվյալ բանկից, ապա մենք ավտոմատ այս բանկին համակարգից հանում ենք Համակարգից դուրս եկած բանկն այլեւս փոխանցում կատարել չի կարող: Իսկ «Յունի» եւ «Յունիաստրում» բանկերի վիճակն այսօր ամենալավն է»,- «Ա1+»-ին վստահեցրեց Վարդան Աթայանը:

Նրա ասելով՝ աշխարհում շատ բանկեր կային, որ «յունի ստրիմ» համակարգի մեջ էին եւ հիմա նրանց մի մասը դուրս է եկել ՝ մեկի մոտ լիցենզիան են հանել, մյուսը սնանկացել է է եղել եւ այլն: «Ճիշտ է, բանկերի քանակը այս համակարգում պակասել է, սակայն «յունի ստրիմ»-ն այսօր ամենաառողջ, ամանաառաջնային համակարգն է»,- նշեց «Յունի» բանկի գործադիր տնօրեն: Ինչ վերաբերում է տրանսֆերտներին, ապա Աթայանի վստահեցմամբ՝ քանակային առումով այն այսօր մի քիչ պակասել է, սակայն գումարային առումով աճում է, որը շատ լավ է: «Օրեկան 3-4 մլն ԱՄՆ դոլար գումար է գալիս բանկ, որից 90 տոկոսը` Ռուսաստանից»,- ավելացեց նա:

Բանկի գործադիր տնօրենը Ռուսաստանից փոխանցում կատարողներին խորհուրդ տվեց դիմել այն բանկերին, որտեղ կա «յունի ստրիմ» համակարգ: «Այն բանկերը, որոնք դեռ դուրս չեն եկել այս համակարգից, դրանք կայուն բանկեր են, որ կարող են հաճախորդի գումարը վերցնել ու փոխանցել: Իսկ այսօր կան բանկեր, որոնք կարող են գումարը վերցնել ու չփոխանցել»,- զգուշացրեց Վարդան Աթայանը: