Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՊԻՏԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԷՐ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀՈՒԶՄՈՒՆՔԸ

Մշակույթ

Գոհար Ներսիսյանն այն բացառիկ երգչուհիներից է, ով ոչ միայն հրաշալի ձայն ունի/սոպրանո/, այլեւ տիրապետում է 7 լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն եւ հայերեն: Հենց այդ լեզուներով էլ նա մի շարք դասական երգեր կատարեց իր մենահամերգի ժամանակ, որը տեղի ունեցավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Երգչուհին շատ էր հուզվում եւ այդ հուզմունքը փորձում էր ծածկել իր գեղեցիկ ժպիտով: «Թեեւ սա իմ 3-րդ մենահամերգն է, բայց ես ամեն անգամ հուզվում եմ»,- «Ա1+»-ի հետ անկեղծացավ պետական կոնսերվատորիայի ասպիրանտը: Համերգային ծրագրում ներառված էին ինչպես եվրոպական եւ ռուսական դասական երգեր, այնպես էլ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Տեսողությունից զրկված լինելու հանգամանքը չխանգարեց երգչուհուն ինքնավստահ ելույթ ունենալ: Գոհարը արդեն ավելի քան 20 անգամ հանդես է եկել հանդիսատեսի առջեւ:

Ժպտերես երգչուհին արժանացավ հանդիսատեսի ջերմ ծափողջյուններին եւ մի քանի տասնյակ ծաղկեփնջերի: Գոհարն այնքան էր ոգեւորվել, որ համերգային ծրագրից հետո դարձյալ բեմ բարձրացավ եւ կատարեց Լուի Արմստրոնգի ստեղծագործություններից մեկը:

Ապագայի համար ծրագրեր Գոհարը դեռ չի կազմել: «Մտածել եմ, իհարկե, ավարտելուց հետո ինչ կանեմ, բայց դե ամեն ինչ փոխվում է, թող ավարտեմ, հետո պարզ կդառնա»: «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք դասական երգեր կատարողները Հայաստանում կարող են հաջողված կարիերա ունենալ, Գոհարը պատասխանեց. «Ես, իհարկե, շատ կցանկանայի որ ամեն ինչ լավ լինի ոչ միայն ինձ մոտ, այլեւ բոլորի, բայց կտեսնենք, թե ինչ կստացվի»: