Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Beeline-Ը «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ» Է ՇՆՈՐՀԵԼ

Տնտեսություն

Այսօր առավոտյան «ԱրմենՏել» ընկերության գրանցված ապրանքանիշ Beeline ընկերությունը որոշում է կայացրել ներել ֆիքսված հեռախոսակապի այն 20 տոկոս բաժանորդների պարտքերը, որոնք ներկայացվել են ապրիլին: Նշենք, որ վերջերս ընկերության որոշ բաժանորդներ, ստանալով ամսվա հեռախոսավարձի հաշիվը, անակնկալի են եկել: Բանն այն է, որ հաշիվը մի քանի անգամ գերազանցել է նախորդ ամիսների ցուցանիշը: Երեկ բարկացած շատ բաժանորդներ սպառնում էին նույնիսկ դատի տալ ընկերությանը, քանի որ շատերի հեռախոսներն անջատել են:

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Beeline-ի գործադիր տնօրեն Գենադի Կալգաշկինը նշեց, որ այդ պարտքերը կուտակվել էին դեռ հունավար-մարտ ամիսների ընթացքում, երբ ընկերության ներսում ընթանում էր փուլային տեխնիկական վերազինում: Վերջինիս պատճառով ընկերության համակարգիչը այդ ամիսներին կարողացել է գրանցել միայն ֆիքսված հեռախոսակապի մեջ կատարված զանգերը, իսկ դեպի բջջային օպերատորներ կատարված զանգերը չեն գրանցվել: Արդյունքում բաժանորդներին ներկայացվել է միայն ֆիքսված հեռախոսակապի րոպեավճարի հաշիվը:

Դրա հետեւանքով, ըստ Կալգաշկինի, որոշ բաժանորդներ կարծել են, թե սակագները իջել են եւ սկսել են ամսեամիս էլ ավելի շատ խոսել ֆիքսված կապից դեպի բջջային ցանց: Այս «առիթ»-ից, ինչպես ուսումնասիրությունների արդյունքում պարզել է Կալգաշկինը՝ օգտվել են հատկապես պատանիները, իսկ ամսվա հաշիվը ստանալուց ծնողներն արդեն փաստի առաջ են կանգնել: «Ես էլ եմ ծնող ու հասկանում եմ: Այդ պատճառով կոչ եմ անում վերահսկել երեխաներին»,- ժպիտով խորհուրդ տվեց նա բոլոր անակնակալի եկած բաժանորդներին: Որպեսզի եւ ընկերության, եւ բաժանորդների չարաշահումների մեղքով առաջացած թյուրիմացությունները հարթվեն, Beeline-ը որոշել է, այսպես կոչված, «համաներում» շնորհել բոլոր բաժանորդներին: Այն բաժանորդները, որոնք արդեն վճարել են հեռախոսահաշիվները, նրանց մայիս ամսվա հաշիվները կվերանայվեն, կզտվեն եւ բոլորի նկատմամբ անհատական մոտեցում կցուցաբերվի: