Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՆԵՐՆ ԷԼ ՉԵ՞Ն ԲԱՐՁՐԱՑՆԻ

Տնտեսություն

Վերջին երեք ամիսներին կարագն ու բուսական յուղը թանկացել են հակամրցակցային համաձայնության արդյունքում: Սա ապացուցվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կատարած ուսումնասիրությունների արդյունքում:

«Տնտեսվարող սուբյեկտների միջեւ եղել է բարձրացման համապատասխանեցում: Հենց այստեղ է նրանց հակամրցակցային համաձայնությունը: Վերջին բարձրացումից հետո, երբ երեք օրվա մեջ 1կգ կարագը 1 900 դրամից դարձավ 2 600 դրամ, արդեն ստիպեց մեզ այդ ամբողջ տեսությունը վերցնել ու ուսումանասիրել»,-ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նշենք, որ կարագը կազմում է ներքին սպառման շուկայի 20 տոկոսը:

Գների բարձրացումը, ըստ ՀՀ ՏՆՊՊՀ-ի, պայմանավորված է եվրոպական շուկայում գների բարձրացմամբ: Սակայն, ըստ Շահնազարյանի, եթե եվրոպական շուկայում գները 2 անգամ են բարձրանում, ապա Հայաստանում դրանք հասնում են մինչեւ 6 անգամի: Տվյալ տնտեսվարող սուբյեկտների բացատրությունների մեջ նշված է, որ այդ թանկացումներն արել են, քանի որ նոյեմբերին ապրանք պետք է ստանան բարձրացված ապրանքագրերով: «Այսինքն՝ այդ ապրանքը դեռ հանրապետություն չմտած, առաջիկայում սպասվող իրենց ապրանքների թանկացումները կիրառել են այսօր: Միշտ էլ այդպես է՝ սպասումները բարձրացնում են շուկայի գները, դա տնտեսագիտության առումով լրիվ բացատրելի երեւույթ է: Մենք համամասնությունը պահպանելու համար ուղղակի զսպում ենք առաջանցիկ տեմպերը»,- ասում է Շահնազարյանը:

Տնտեսվարող սուբյեկտների հավաստիացմամբ՝ իրացման գների վրա հիմնականում ազդել են ինչպես ձեռք բերման գինը, այնպես էլ վերամշակման ծախսերը: Ի դեպ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ նրանց գրեթե բոլորի մոտ հունքի ձեռքբերման մասին փաստաթղթեր չկան, քանի որ հումքը գնվել է կամ միջնորդ կազմակերպությունների միջոցով, կամ ուղղակի տոնավաճառներից: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ հումքի այս քողարկված գներն էլ հանգեցնում են ապրանքների գների չհիմնավորված աճին: Աշոտ Շահնազարյանը եւս իբրեւ գների բարձրացման հիմնավորում վկայակոչում է միջնորդ կազմակերպությունների առկայությունը, որոնք հարկային դաշտից դուրս են:

ՀՀ ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային համաձայնության եկած բոլոր տնտեսվարող սուբյեկտները տուգանվեցին 2006թ. ամբողջ հասույթի 2 տոկոսի չափով, որը պետք է լինի ոչ պակաս 300 մլն դրամ: «Տուգանքը միգուցե չազդի շուկայի վրա, քանի որ այսօր ես չեմ կարող տնտեսվարողին պարտադրել գներն իջեցնել, երբ վաղը նա ապրանագիր է ստանում բարձր գներով: Ուղղակի նա այլեւս գին չի բարձրացնի: Սա դեռ նաեւ այսպես չի ավարտվ, քանի որ մենք դեռ դատական երկար գործընթաց ունենք նրանց հետ, ինչպես նաեւ որոշումն անելուց հետո դեռ մոնիթորինգի տակ ենք դնելու, թե ինչ եղավ այդ շուկաներում»,- վստահեցնում է Աշոտ Շահնազարյանը: