ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԱՄՓՈՓ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում գործարարների 57 տոկոսը սթրեսի մեջ է: Այս մասին են վկայում «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի «2007թ. Միջազգային գործարար զեկույց»-ի արդյունքները: Սթրեսի պատճառն, ըստ այս զեկուցի, այն է, որ հայ գործարարները շաբաթական աշխատում են 56 ժամ, որն ավելի շատ է, քան համաշխարհային միջին 53 ժամաքանակը: Սթրեսի ուղղակի գործոններ են հանդիսացել նաեւ հաճախակի ճամփորդությունները, տեղեկատվության մեծ հոսքը եւ այլն:
Հայ գործարարները նաեւ մտավախություն ունեն, որ այդ սթրեսը մինչեւ 2007թ. վերջ էլ ավելի կաճի: Ըստ ստացված ընդհանուր տվյալների՝ ամենամեծ սթրեսն ապրում են Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի գործարարները եւ Հայաստանն այս շարքում շատ թե քիչ բարենպաստ դիրքում է:
Զեկույցը Հայաստանից բացի դիտարկում է նաեւ համաշխարհային ՀՆԱ-ի 81 տոկոսը կազմող 32 երկրների գործարար ղեկավարների կարծիքները: Նշենք, որ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը միջազգային աուդիտորական եւ խորհրդատվական անկախ ընկերությունները միավորող կազմակերպություն է: Զեկույցում Հայաստանի տվյալները ներկայացրել է կազմակերպության անդամ «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ն, որի հարցմանը մասնակցել են հայաստանյան 100 խոշոր եւ միջին ձեռնարկություններ: Զեկույցը ներառում է նախորդ 15 տարիների կտրվածքով համաշխարհային եւ եվրոպական տնտեսությունների համեմատական տեղեկատվությունը:
Բացի սթրեսի աստիճանի «չափումներից», կազմակերպությունը ուսումնասիրել է նաեւ Հայաստանի գործարար միջավայրում գենդերային բալանսի պահպանումը: Պարզվել է, որ հայաստանյան 60 տոկոս ձեռնարկություններում կանայք զբաղեցնում են բարձր պաշտոններ, մինչդեռ համաշխարհային միջինն այս առումով կազմում է 59 տոկոս: Ավելի հետաքրքիր է այն, որ մեզանում ղեկավար պաշտոնների 22 տոկոսը եւս զբաղեցնում են կանայք եւ այս թիվը համընկնում է համաշխարհային ցուցանիշի հետ:
«Գենդերային տեսանկյունով մենք համապատասխան մակարդակի վրա ենք»,- հայտարարում է «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը:
Տնտեսության զարգացման նկատմամբ ամենամեծ լավատեսությունն ունեն հնդկացիներն ու ֆիլիպինցիները: Հայ գործարարների լավատեսության մակարդակը ընդհանուր սանդղակում 4-րդ տեղում է՝ 57 տոկոս, որը 12 տոկոսով գերազանցում է համաշխարհային ցուցանիշը՝ 45 տոկոսը: Տնտեսական արագ աճի ինդեքսով աչքի է ընկել ԱՄՆ-ն՝ 44 տոկոս, իսկ երկրորդ տեղում` որքան էլ որ զարմանալի չթվա՝ Հայաստանն է՝ 38 տոկոս, այն դեպքում, երբ Ռուսաստանն իր 14 տոկոսով 14-րդ տեղում է:
Հայաստանում գործարարների 81 տոկոսը կարծում է, որ մինչեւ այս տարվա վերջ ապրանքների գները կաճեն, քանի որ ձեռնարկությունների աշխատակիցների վարձատրության ծախսերը կաճեն: Ըստ Գուրգեն Հակոբյանի՝ մեր երկրում տնտեսական աճ է արձանագրվում, որը մինչեւ 2007թ. վերջ կնվազի՝ հասնելով 9 տոկոսի: «Սա լուրջ ցուցանիշ է: Սակայն, հայաստանյան տնտեսությունը ինչ-որ չափով ինքնամփոփ է: Այդքան մեծ մրցակցություն չի արձանագրվում, քանի որ տեղի արտադրողները վստահ են, որ մեր բնակչությունը կսպառի այդ արտադրանքը: Մինչդեռ մենք գիտենք, որ արտահանման ծավալները արտադրման եւ սպառման համեմատությամբ շատ ավելի քիչ են»,- նշում է նա: