ՋՐԱՉԱՓԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԱԴՐՎԵԻՆ ԱՆՎՃԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԲրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերը տարօրինակ է համարում, որ իր` Երեւանի ջրամատակարման համակարգում առկա կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները հերքում է Համաշխարհային բանկի երեանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: «Երբ տեղի էին ունենում այս իրադարձությունները, ՀԲ-ի Երեւանյան գրասենյակի այսօրվա տնօրենը չկար: Բոլոր հարցերին պետք է պատասխանի նախկին տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը»,-ասում է պարոն Թասքերը: Նա Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովներից մեկի հանձնարարությամբ հետաքննություն էր սկսել եւ պարզել, որ ՀԲ 35մլն դոլարանոց ծրագրով նախատեսված` Երեւանի բնակարանների ջրամատակարարման բարելավումը հետզհետե վերածվել է ջրաչափերի տեղադրման: Այն իրականացնողներն արդյունքում յուրաքանչյուր ջրաչափի տեղադրումից գրպանել են 10 դոլար:
2003-2004թ. Վահան Հովհաննիսյանի գլխավորած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում Թասքերը նշանակվել է իբրեւ գլխավոր վերլուծաբան եւ աշխատել ծրագրի տեխնիկական խնդիրներով, այնուհետեւ` ֆինանսական հարցերով: «Այս ժամանակ տեսա, որ կան լուրջ խախտումներ: 2004թ. մայիսի վերջին դիմեցի ՀԲ-ի ինստիտուցիոնալ ազնվության վարչություն: Նրանք պատասխանեցին, որ ոչ մի նման բան չկա, եթե կա էլ, ապա միայն ընկերության ներքին գործերում ու փակվեց այդ հարցը»,- «Ա1+»-ին ասաց Թասքերը: Նա մեղադրում է «ԷՅութիլիթ»-ի տնօրեն Ռիչարդ Վոլկինգին մի շարք ֆինանսական մեքենայությունների մեջ:
Ըստ Թասքերի` 2003թ. ընկերության ծախսերը կազմել են 55 մլն դոլար, մինչդեռ տարեկան շրջանառությունը 10 մլն դոլար է եղել, իսկ 2004թ. ծախսերը չափն արդեն 40 մլն դոլար էր:
Ինչ վերաբերում է ջրաչափերին, Թասքերը նշում է, որ ըստ ՀԲ-ի ծրագրի դրանք բնակչությանը պետք է բաժանվեին անվճար, նույնը վերաբերում է նաեւ տեղադրմանը: Մինչդեռ դրանք վաճառել են 8 000 դրամով եւ նաեւ բնակիչն ինքն է վճարել տեղադրման համար: «Այդ մասին ես այն ժամանակ չգիտեի: Ազգաբնակչությունից ստացած նրանց ընդհանուր եկամուտը կազմել էր մոտ 8 մլն 310 հազար դոլար: Նրանք երկակի եկամուտ են ստացել: Ռիչարդի ամսական աշխատավարձն էլ 12-13 հազար դոլար էր»,- նշում է Թասքերը: Սկզբում ՀԲ-ի կրեդիտային ծրագրով նախատեսվում էր բարելավվել համակարգը, նոր միայն պետք է տեղադրել ջրաչափերը: «Նրանք, սակայն, գտել են, որ եթե հիմա խողովակների փոխարեն վաճառեն ջրաչափերը, ապա դա ավելի շահավետ կլինի: Նրանք բերեցին այդ խողովակներն արտերկրից, բայց թե հիմա դրանք ուր են, անհայտ է»,- վստահեցնում է Թասքերը: Իսկ ինչո՞ւ է միայն հիմա Թասքերը սկսել բարձրաձայնել այս խախտումների մասին:
«Երբ տեղադրեցին ջրաչափերը, մարդիկ սկսեցին փակել իրենց ծորակները, համակարգում ջրի ճնշումը մեխանիկորեն սկսեց մեծանալ: Երեւանի բարձրահարկերի մոտ կան բուստորային պոմպեր, որոնք մեծացնում են ջրի ճնշումը: Եթե նախկինում ջրի խողովակները նեղ էին, եղած ճնշումը բավարար, ապա լայն խողովակների պարագայում էլ այն նույնը մնաց: Արդյունքում խողովակները սկսեցին պայթել, թեեւ կարող էին կառավարել ճնշումը,-ասում է նա,- Նրանք դա հատուկ էին անում, որ էլի գտնեն մի 4- 500 մլն դոլար: Հիշում եք՝ նման մի գումարի մասին ժամանակին ասում էր նաեւ «Ջրային պետական կոմիտե»-ի տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը»:
Բրիտանացի ինժեները այս ամենը համարում է ծաղրանք հայ ժողովրդի նկատմամբ. «Վերջապես չդիմացա եւ ասացի՝ հերիք է ի վերջո, նվազեցրեք ճնշումը, տեղադրեք նոր, ժամանակակից պոմպեր, որոնք, շուրջօրյա աշխատելով, նաեւ քիչ էլեկտրաէներգիա կխլեն: Նրանք ի վերջո համաձայնվեցին, իրավիճակը շատ թե քիչ կարգավորվեց»:
Ըստ նրա` նոր պոմպերի տեղադրման ծրագրի հեղինակը ինքն էր. « Ես այն ներկայացրի ՀԲ, «Երեւանջրմուղ», ԾԻԳ: Ծրագիրն ընդհանուր առմամբ կազմելու էր 4-5 մլն դոլար: Որոշվեց անել փորձնական ծրագիր: 2007թ. հունվարին ես հանկարծ իմացա, որ իմ հեղինակած ծրագիրը սկսել է գլխավորել Ռիչարդը եւ «Երեւանջուր»-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, որ պետք է տեղադրվեն 500 նոր պոմպեր: Դրա համար էլ ես նորից սկսեցի բարձրաձայնել այս պատմության մասին»:
Որոշ հրապարակումների համաձայն` Թասքերը նեղացել էր «ԷՅութիլիթի»-ից, քանի որ խորհրդականի աշխատանք էր խնդրել ու չէր ստացել: «Ես երբեք նման բան չեմ խնդրել: Ամեն ինչ արին, որ ինձ այստեղ մոռանան, քանի որ ես չափից ավելի բան գիտեի»,- վստահեցնում էր Թասքերը: Հունվարին նա դիմել է Վաշինգտոնում գտնվող կառավարությանը կից կազմակերպությանը (GAP), որը զբաղվում է մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: «Նրան ուղարկեցի ձեռքիս տակ եղած բոլոր փաստաթղթերը: Դրանք հիմք ընդունելով՝ նրանք գրեցին ինստիտուցիոնալ ազնվության վարչությանը: Մարտից սկսած GAP-ը հետաքրքրվում է՝ ինչո՞ւ ՀԲ-ից մեկը չի գալիս իմանալու այդ բողոքի հիմնավորումները»,- ասում է Թասքերը:
Նա հաստատեց «Երեւանջուր»-ի մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանի այն խոսքերը, որ նոր ֆրանսիական ընկերությունը կապ չունի իտալական կազմակերության հետ. «Իսկապես, այսօրվա «Երեւանջուր»-ը չի համարվում նախորդի իրավահաջորդը. նրանք սկսել են իրենց գործունեությունը զրոյական բալանսից»: