Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ»-Ն ՉԳԻՏԻ ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԸ

Տնտեսություն

Մինչեւ 2008թ. վերջ «Հայջրմուղկոյուղ»-ի ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորանը խոստանում է ՀՀ-ում ապահովել 13-14 ժամ ջրամատակարարում: Սակայն, մինչ այդ ընկերություն նախատեսել էր ջրի սակագները բարձրացնել 30 տոկոսով, որն ամենաբարձրն է լինելու տարծաշրջանում:

Այս մասին ընկերությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը, բայց այն դեռ չի ընդունվել: Մինչդեռ, ըստ Լորանի՝ դա հնարավորություն կտար բարձրացնել ջրամատակարարման որակը: Խմելու ջրի եւ սպասարկման որակի բարձրացման համար հարկավոր է նաեւ փոխել ամբողջ խողովակաշարը, որն Հայաստանի տարածքով կազմում է 8 հազար կմ: Նորոգման համար էլ հարկավոր կլինի 400 մլն դոլար եւ 20 տարի աշխատանք:

Մինչ այսօր ընկերությանը հաջողվել է համակագը շատ թե քիչ բարելավել Սեւան քաղաքում՝ նախկին 2 ժամվա փոխարեն ջրամատակարարումը մի քանի օրից կլինի 8-10 ժամ: Հաջորդ նախագիծն իրականացվում է Դիլիջանում՝ մաքրման կայանների վերկանգման ուղղությամբ: Այդ կայաններից մեկը այս ամսվա վերջում կհանձնվի շահագործման:

Այստեղ եւս պայքարում են ապօրինի ջրօգտագործման դեմ, որի արդյունավետության պարագայում միայն հնարավոր կլինի Դիլիջանում ունենալ 24 ժամյա ջրամատակարարում: Այս աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի ծրագրով: Եւս երկու ծրագիր «Հայջրմուղկոյուղի»-ն կիրականացնի Եվրոպական զարգացման բանկի եւ Ասիական բանկի հետ միասին: Ասիական բանկի հետ 40 միլիոնանոց պայմանագրի ստորագրման պարագայում հնարավոր կլինի առաջիկա 5 տարվա ընթացքում 15 քաղաքներում եւ 200 գյուղերում իրականացնել կեղտաջրերի մաքրման աշխատանքներ:

Մինչ այսօր ընկերությունը հստակ չգիտի, թե որքան են կազմել ջրի ընդհանուր կորուստները, մանավանդ այն ջրամբարներում, որոնք գտնվում են բարձր լեռնային գոտիներում: Եթե սկզբում կորուստները կազմում էին 90 տոկոս, ապա այժմ դրանք 80 տոկոս են: «Մեր կորուստների մեծ մասը երկու կարեւոր պատճառներով, կարելի է ասել, կոմերցիոն կորուստներ են: Առաջինն այն է, որ ջրի կորուստներն հիմնականում տեղի են ունենում կեղտաջրերի խողովակների միջոցով: Մյուսն այն է, որ երբ չափագրումներ ենք անում գիշերային ժամերն, բացահայտել ենք մեծ քանակի ջրի սպառում, մինչդեռ այն շատ մոտ պետք է լիներ զրոյին»,- ասում է պարոն Լորանը:

Ինչ վերաբերում է այն բաժանորդներին, որոնք 90-ական թթ. ունեն պարտքեր, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ներվել, ապա Պատրիկ Լորենը ասաց. «Մեր բաժանորդները շարունակում են այդ պարտքի բեռն իրենց հետ տանել: Նրանք պատարաստ են գալ իրավական դաշտ, դառնալ մեր բաժանորդը, բայց այդ պարտքը խոչընդոտում է: Օրինակ՝ Կապան քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում մարդիկ եկել են օրինակ դաշտ, ջրաչափ են տեղադրել եւ այդ պահից սկսած նորմալ վճարել միայն իրենց ամսական սպառման համար: Մենք, իհարկե, մտածում ենք գտնել դրա լուծումը, այդ խնդիրը լուծելու համար լինի ազնիվ մոտեցում: Մենք մի առաջարկ արել ենք Ջրային պետական կոմիտեին եւ հուսով ենք, որ լուծում կլինի»: