Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏՎԵՐԸ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ց ԱՌԱՋ

Տնտեսություն

Սեպտեմբեր ամսին հարկային պետական ծառայությունը ապահովել է հարկային եկամուտների այնպիսի մակարդակ, որը նախորդ տարվա սեպտեմբերից 9,5 մլրդ դրամով ավելի է:

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Իսկ ինչո՞ւ այդպիսի ցուցանիշ չէր ապահովվում մինչ այժմ՝ մեր հարցին, պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Այնպես չի, որ զարթնենք, ու մի օրվա մեջ ստվերը բերենք հարկային դաշտ: Դա պետք է որոշակի աշխատանքների արդյունք լինի, տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ արվեցին, որ սեպտեմբերին հնարավոր եղավ այդ արդյունքն ապահովել»:

Արմեն Ալավերդյանը բացահայտում է միջոցառումներից ոմանք՝ ուժերի, ներուժի կենտրոնացում, պատասխանատվության բարձրացում. «Եթե ասեմ՝ մինչեւ սեպտեմբեր անպատասխանատու էինք աշխատում, ոչ, բայց ընթացիկ տարվա ընթացքում կատարվող աշխատանքները, ղեկավարության պահանջները, իշխանության օժանդակությունը, ոլորտի նկատմամբ ուշադրությունն անշուշտ ազդեցություն ունեն հարկային մուտքերի վրա»: Ստացվում է, որ նորմալ հարկային մուտքերի համար իշխանությունների ուշադրությունը մինչ այժմ բավարար չի՞ եղել: Պարոն Ալավերդյանը մեր հարցադրումը բնականաբար չի կիսում եւ նկատում է, որ ուշադրություն միշտ էլ եղել է, ուղղակի՝ «առաջընթացի ամենակարեւոր գրավականն այն է, որ աստիճանական զարգացման միջոցով լինի»:

Այսօր Սերժ Սարգսյանը շատ է խոսում ստվերի առկայության եւ այն կրճատելու անհրաժեշտության մասին. ի՞նչ միջոցառումներ են արվել, որ ստվերից հարկատուները բերվեն հարկային դաշտ` մեր հարցին Արմեն Ալավերդյանը պատասխանեց.

«Հարկերի ավելացումը պետական բյուջե, որպես կանոն, հնարավոր է երեք ուղիով. 1/ ազգային դրույքաչափերի բարձրացում, հարկային բեռի ավելացում: Բայց 2008-ին նման դրույքաչափի կամ հարկային բեռի բարձրացում, կամ էական արտոնությունների կրճատում, որը եկամուտ կբերեր, նախատեսված չի:

2/ Մուտքերի աճը հնարավոր է ապահովել տնտեսական աճի հաշվին: Եթե տնտեսությունը աճում է՝ աճում է շրջանառությունը, կազմակերպությունների եկամուտները, այդտեղից լրացուցիչ հոսքեր են գալիս բյուջե:

Եւ 3/ Հիմնական աղբյուրը չհարկվող շրջանառությունները հարկման դաշտ բերելն է ու հարկելը: Մենք օգտվում ենք երկրորդ եւ երրորդ աղբյուրից: Ես չգիտեմ, թե 2008 թ-ին որքան տնտեսական աճին կընկնի, որքանը` ստվերային շրջանառությունների կրճատման հաշվին: Դա 2008-ի ընթացքում կերեւա»: Ըստ նրա` հունիսին հաստատված հարկային համակարգերի զարգացման եռամյա ծրագրում նշված է` հարկեր - ՀՆԱ հարաբերակցության աճը ապահովել հիմնականում ստվերային տնտեսության հարկման հաշվին:

«Դրա մեջ մտնում է ապօրինի գործունեության դեմ պայքարը, կեղծ ձեռներեցության եւ կեղծ փաստաթղթաշրջանառության դեմ պայքարն ու կանխումը, որը հարկ վճարողներին կստիպի լրացուցից եկամուտներ բերել պետբյուջե, խոշոր հարկ վճարողների եւ շահութաբեր ոլորտների նկատմամբ առանձնացված հսկողություն իրականացնել, որը մեր եկամտային կարեւոր աղբյուրներից է լինելու»,-խոստանում է Արմեն Ալավերդյանը: