Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԲ-Ն ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՓԱՍՏ ՉՈՒՆԻ

Տնտեսություն

Համաշխարհային բանկը Երեւանի ջրամամատակարման ծրագրի վերաբերյալ չունի «որեւէ վկայություն խաբեության կամ ոչ ադեկվատ կառավարման մասով»: Անդրադառնալով բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերի մեղադրանքներին` այսօր ասաց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի գլխավոր տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:

Համաշխարհային բանկը 35 միլիոն դոլար է հատկացրել Երեւանի ջրամատակարման բարելավման նպատակով. սակայն այն, ըստ բրիտանական «Օբսերվեր» թերթի, «հետզհետե վերածվել է ջրաչափերի տեղադրման ծրագրի եւ այն իրականացնողները յուրաքանչյուր ջրաչափի տեղադրումից գրպանել են 10 դոլար»:

Ըստ բրիտանական «Օբսերվեր»-ի հրապարակման` բրիտանացի ինժեներ Բրյուս Թասքերն հետաքննություն է սկսել Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովներից մեկի հանձնարարությամբ եւ երբ խորացել է ծրագրի մանրամասների մեջ, պարզել է, որ «կոռուպցիան այնտեղ սկզբից մինչեւ վերջ է, վերեւից ներքեւ, եւ խոսքը ոչ թե մի քանի հազար դոլարի, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է»:

Հիշյալ ժամանակավոր հանձնաժողովը գործել է 2003-ի վերջին- 2004թ. սկզբին նախոր‎դ գումարման խորհրդարանում` Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ինչո՞ւ է այս հանձնաժողովի հրավիրված խորհրդատու Թասքերը միայն հիմա բարձրաձայնում այս խախտումների մասին:

«Թե ինչո՞ւ է նորից ջրի երես դուրս եկել այս պատմությունը, այդ հարցին միանշանակ պատասխան չկա, քանի որ այդ պատմությունը մեզ համար ավարտվել է»,- ասաց Արիստոմենե Վարուդակիսը: Ըստ նրա` Թասքերը դիմել է ՀԲ կազմի մեջ գտնվող ինստիտուցիոնալ ազնվության վարչություն. « Այն ամբողջովին ինքնաբավ, անկախ մարմին է, պատասխանատու է միայն ՀԲ նախագահին եւ կապ չունի ծրագրային վարչությունների, այլ սեկտորների հետ: Մենք հիմա չգիտենք արվո՞ւմ է այդ քննությունը, թե՞ ոչ, քանի որ ստանալով բողոքը եւ ելնելով ֆինանսական, մարդկային ռեսուրսներից՝ նոր միայն սկսվում է հետաքննությունը»:

Բրիտանական թերթի վկայությամբ՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը նամակ է հղել Համաշխարհային բանկին՝ հորդորելով հետաքննել այս գործը: Պարոն Վարուդակիսը ընդգծեց, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեպանի նամակն էլ ուղղված էր ոչ թե ՀԲ գրասենյակին, այլ այս վարչությանը՝ խնդրելով պատասխանել «այն կարծեցյալ մեղադրանքներին, որոնք կային այդ պարոնի (Թասքերի – խմբ.) նամակում»: Ինչ վերաբերում է ջրաչափերին, ապա նա նշեց, որ դրանք չեն եղել ծրագրի հիմնական նպատակը, բայց եղել են ամենակարեւորագույն բաղադրիչը: «Միայն դրանց տեղադրման շնորհիվ հնարավոր եղավ հավաքագրումների տոկոսը 18-ից 79-ի բարձրացնել: Երեւանում ջրամատակարարումը երբեւիցե նորմալ վիճակում չէր գտնվի, եթե հավաքագրումների տոկոսը չբարձրացվեր: Ծրագրի ընդհանուր 35 մլն դոլարից դրանց տրամադրվել է միայն 1,3 տոկոսը»,- ավելացրեց Վարուդակիսը:

Ի դեպ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի քարտուղար Արմինե Գրիգորյանը «Ա1+»-ին հայտնեց, որ համաձայն Միացյալ Թագավորության «Կաշառակերության — կոռուպցիայի մասին» օրենքի` «ամբողջ աշխարհում բրիտանական դեսպանատները պարտավոր են Բրիտանիայի կառավարությանը տեղյակ պահել կոռուպցիոն դրսեւորումների մասին, ինչը որ արել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը»:

«Համաշխարհային բանկին ուղարկված իր նամակում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ընդամենը հույս է հայտնել, որ այս դեպքի վերաբերյալ ՀԲ ինստիտուցիոնալ կարգապահության բաժնի հարցումները կկատարվեն ժամանակին — պատշաճ կերպով: Դեսպանատունը չի հորդորել կամ պատվիրել Համաշխարհային Բանկին վարել հետաքննություն. մենք չենք անցկացնում ու չենք կարող անցկացնել կամ պատվիրել հետաքննություն»,- ընդգծեց Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպան Անտոնի Կանտորը նամակն ուղարկել էր մայիսի 29-ին եւ Արմինե Գրիգորյանի վստահեցմամբ՝ «դեսպանը չի ակնկալում անձամբ իրեն ուղարկված նամակի պատասխան»: «Սակայն մենք գիտենք, որ Համաշխարհային Բանկը զբաղվում է այդ հարցով»,- «Ա1+»-ին հոզմունք հայտնեց Արմինե Գրիգորյանը:

«Երեւան Ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանն էլ «Ա1+»-ի հարցադրմանն պատասխանեց այսպես. «Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ «Երեւանջուր» ֆրանսիական կազմակերպությունն աշխատում է 2006թ. հունիսի 1-ից եւ, փաստորեն, նախորդ ծրագրի հետ, որը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի կողմից, որեւէ կապ չունի: Այնպես որ՝ մեկնաբանելու խնդիր էլ չկա»: Նախկինում «Երեւանջուրը» կառավարում էր իտալիական «ԷՅութիլիթի» ընկերությունը: