Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային
2019 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային:
Նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Նամականիշի վրա պատկերված է նախապատմական Տրոգոնթերյան փիղ: Նամականիշի ձախ հատվածում ներկայացված է Տրոգոնթերյան փղի վերականգնված կմախքը, որը գտնվում է Երկրաբանական թանգարանում և հայտնաբերվել է 1927 թվականին Շիրակի մարզում: Կմախքի երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5 մետր։ Տրոգոնթերյան փիղը ապրել է մոտավորապես 1.000.000 տարի առաջ։
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:
Թողարկման օրը` 27 մարտի 2019թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ