«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾ ՉԻ ԶԳՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Իբրեւ առեւտրային կազմակերպություն՝ «Հայռուսգազարդ»-ն ավելի շահագրգիռ է, որ բնակիչն օր առաջ դառնա իր բաժանորդը, որ գազաֆիկացման համար ներդրած գումարներն օր առաջ ետ գան՝ ինչքան շատ գազ վաճառենք, այնքան շատ գումար ետ կգա: Սա ասում եմ՝ առաջանորդվելով կոմերցիոն պարզ տրամաբանությամբ»,- «Ա1+»-ի նախորդ նյութերից մեկում առաջ քաշած հարցադրումներից մեկին պատասխանեց «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են գազի հաշվիչները պայմանագիրը կնքելուց հետո հաճախ մեկ ամիս ուշացումով տեղադրվում՝ Շուշան Սարդարյանը պատասխանեց, որ միգուցե տեղ-տեղ լինեն լոկալ խնդիրներ, սակայն կամայականություն կամ սուբյեկտիվիզմ այդ ամենի տակ պետք չէ փնտրել: «30 օրվա ընթացքում բնակիչը կնքում է պայմանագիր: Այդ ընթացքում ուսումնասիրում ենք, տեխպայաման ենք տալիս, որից հետո նախագիծ, նախահաշիվ, շինհավաքակցման աշխատանքներ ենք կատարում, որին հաջորդում է կանխավճարը: Դրա մուծումից հետո միայն մատակարարն ապահովում է բնակչի առեւտրային հաշվարկի սարքի տեղադրումը: Այս ամենը կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների կարգով»,- վստահեցնում է նա՝ ավելացնելով, որ միգուցե մեկ-երկու տեղ աշխատողներն անպարտաճանաչություն ցուցաբերեն. «Հնարավոր չէ բացառել նման իրավիճակները՝ մեկ-երկու տեղ հնարավոր են մասնավոր դեպքեր, բայց դրան հասարակական հնչեղություն տալը սխալ կլիներ»:
Ինչ վերաբերում է վատ սպասարկմանը եւ բնակիչների այն կարծիքին, որ անիմաստ է այս դեպքում սպասարկման վարձ տալը, ապա Շուշան Սարդարյանը նշեց, որ կոնկրետ Երեւանում 2007թ. առաջին կիսամյակում տեխնիկական սպասարկում իրականացվել է բաժանորդների 98,1 տոկոսի մոտ, օրինակ՝ միայն օգոստոսին նախատեված 28 հազարից սպասարկվել է 25 673-ը, 9 165 բնակարանի դուռ փակ է եղել, խախտումերի համար կազմված ակտերի քանակն էլ հասել է 891-ի: «Կարծում եք այս ակտերը օդի՞ց են վերցված: ՀՀ կառավարության համապատասախան որոշում է եղել եւ դրա պահանջով ՀԾԿՀ-ն դարձյալ որոշում ընդունեց՝ սահմանելով ներտնային տեխնիկական սպասարկման ծառայություն եւ համապատասխան գնացուցակ: Դրա իրականացման պարտականությունը դրվեց «Հայռուսգազարդ»-ի վրա, մինչդեռ բնակիչների մոտ երբեմն հակառակ տպավորությունն է»,- նշում է նա:
Օգոստոսի 23-ին Աջափնյակում տեղի ունեցած գազի պայթյունից հետո բաժանորդների թիվը չի նվազել: «Հայռուսգազարդ»-ի մամուլի քարտուղարի վստահեցմամբ՝ բաժանորդների թիվն հուլիսին ավելացել է 6 111-ով, օգոստոսին՝ 6 949-ով, սեպտեմբերին՝ մոտ 7000-ով: «Փաստորեն, ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է»,- ասում է Շուշան Սարդարյանը:
Ինչ վերաբերում է վերոնշյալ վթարին, ապա նա նշեց, որ քանի որ պատահարը տեղի է ունեցել բնակչի մեղքով, ապա «բնականաբար, որեւէ նորմ ընկերությանը չի պարտավորեցնում փոխհատուցել վնասները»: Ի դեպ, նախնական հաշվարկներով շենքի կրել է մոտ 65 մլն դրամի վնաս: «Զուտ մարդասիրական, բարեգործական նպատակներից ելնելով՝ ինքներս նախաձեռնող եղանք քաղաքապետարանի հետ հիմնադրամ կազմակերպելու, եւ այդ գումարի ուղիղ 50 տոկոսը մեր կողմից փոխհատուցելու: Իմ նախնական ինֆորմացիայով սա գնալու է ամբողջ շենքի վերանորոգման աշխատանքների համար, ոչ թե անհատական փոխհատուցումների ձեւով»,- նշում է Սարդարյանը: Այդ գումարը, սակայն, դեռ չի ուղարկվել համայնք, թեեւ Շուշան Սարդարյանը վստահեցրեց, որ կա տնօրենի մակագրությունը եւ մոտ օրերս այն կուղարկվի: «Մենք՝ իբրեւ թիվ մեկ հարկատու՝ կարծում եմ՝ այդ թիվը որեւէ խնդիր մեզ համար չպետք է ստեղծեր, որ ձգձգեինք փոխանցումը»,- ավելացրեց նա: