Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է  500 հազար վարկի դիմաց քաղաքացուց պահանջվում  հիսուն հազար դրամ. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
karavar

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ եւս մեկ անգամ  նշեց, որ քաղաքացիները  շարունակում են բողոքել վարկերի տոկոսներից։  «Քաղաքացիների կողմից բողոքները կրկնվում են, երբ առաջարկվում է վարկ օրինակ՝ 15 տոկոսով, տեղում պահանջում են որոշակի ծառայությունների վճարներ և իրականում ստացվում է, որ  տոկոսը 24 է: Ասում ենք, որ վարկի տոկոսը ցածր է, սակայն քաղաքացիների հետ շփումից ստացվում է, որ  ծառայությունների վճարների միջոցով  իրական տոկոսները չենք կարողանում  արձանագրել: Վարկը ստանալու պահին քաղաքացին ի՞նչ ծախսեր պետք է անի և այս գործընթացը որքանո՞վ է օրինական և տրամաբանական»,-ասաց վարչապետը՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ զրույցում՝ վարկեր տրամադրող  ընկերություններին գովազդների համար  տուգանելու՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկի մասին։  Ջավադյանը ներկայացրեց, որ  խոսքը էֆեկտիվ տոկոսադրույքի մասին է և ընդունված սպառողական կրեդիտավորման մասին օրենքով քաղաքացիների շահերը պաշտպանված են: «Մինչև տասը միլիոնանոց  սպառողական վարկերի դեպքում, ֆինանսական կառույցը պարտավոր է բոլոր տիպի վճարները ներառել տոկոսի մեջ և ընդգծված ձևով ներկայացնել, թե  իր տոկոսը որքան է, կառավարման վճարը, գնահատման վճարը մտցնի քաղաքացու տոկոսի մեջ, գումարը ֆիքսի՝  թե որքան է մարելու, որից հետո միայն, քաղաքացին վարկը ստորագրում է»,-ասաց Կենտրոնական բանկի նախագահը և ավելացրեց, որ պետությունը նույնպես այդ բոլոր վճարներն անում է՝ դրսից վարկեր վերցնելու դեպքում։  Վարչապետը եւս մեկ անգամ կրկնեց, որ  ուզում է հասկանալ, ինչու է  500 հազար վարկի դիմաց քաղաքացուց պահանջվում  հիսուն հազար դրամ։   Արթուր Ջավադյանն առիթից օգտվելով  բարձրացրեց լոմբարդների հարցը և նշեց, որ այստեղ խնդիր կա նրանց կողմից ներկայացված տոկոսադրույքների առումով, քանի որ դա, երբեմն, գերազանցում է 100 տոկոսը։ «Հայաստանում հարյուր տոկոսով վարկ կա՞»,- հարցրեց վարչապետը:  Արթուր Ջավադյանն ասաց, որ  դրանից ավելի էլ կա: ԿԲ նախագահն անդրադառնալով վերջին շրջանում գրավատների ներկայացուցիչների բողոքներին ասաց, որ   լոմբարդները փոքր և միջին բիզնես չեն։