Կենդանիների պաշտպանության ոլորտը Հայաստանում կարգավորված չէ (տեսանյութ)
Հայաստանում չկա կենդանիների հանդեպ ձևավորված վերաբերմունք: Այս մասին այսօր Տեսակետ մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ հիմնադիր Սիլվա Ադամյանը: Անդրադառնալով կենդանիների խոշտանգման աղմկահարույց դեպքերին, մասնավորապես վերջերս տեղի ունեցած սպիտակագլուխ անգղի խոշտանգման դեպքին, Սիլվա Ադամյանը հավելեց, որ պետության կողմից որևէ լուրջ վերաբերմունք չկա նման «հանցագործությունների» հանդեպ: «Այս հարցով կարելի է մշտադիտարկումներ անցկացնել, հասկանալ՝ քանի կենդանի կա անազատության մեջ, և քանիսն են խոշտանգման զոհ դառնում»- նշեց Ադամյանը, ավելացնելով , որ բազմաթիվ դեպքեր ենք նկատվում ոչ միայն Երևան քաղաքում, այլև քաղաքից դուրս: Դրա վառ ապացույցն այսօր սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից հրապարակված խոշտանգված կենդանիների նկարներ են»: Խնդիրն այն չէ, մենք սիրու՞մ ենք կենդանիներին, թե՞ ոչ, խնդիրն այն է, որ այս դաշտը պետք է լինի կարգավորված: «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական բարեգործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Ադամյանը հավաստիացրեց, որ կենդանիների խոշտանգման դեպքերը կարելի է կանխել միայն օրենքը քրեականացնելու դեպքում: Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կարգավորվում է միայն վարչական իրավախախտումների մասին 92 հոդվածով: Սակայն, նույնիսկ այս դեպքում չի գործում համապատասխան վարչական մարմին, որը պետք է զբաղվի այդ գործով: «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի համոզմամբ, փորձը ցույց է տալիս, որ հաճախ դաժանությունը կիրառվում է հենց այն կենդանիների նկատմամբ, որոնք անպաշտպան են, հաշմանդամ: Մտահոգություններ հնչեցին նաև աղբահանության խնդրի հետ կապված: Նարե Ադամյանի խոսքով աղբահանությունից շատ բան է կախված, քանի որ քաղաքը մաքրելու դեպքում միայն, կենդանիների մի ստվար հատվածը, կտեղափոխվեն այն հատվածներ, որտեղ աղբ կա: Նրա խոսքով, նախատեսված օրենքը կներառի նաև այլ կենդանատեսակների պաշտպանությանը վերաբերող կետերը, քաղաքացիների պաշտպանությանն ուղղված պարտավորությունները: Օրենքը քրեականացնելուց հետո, հաջորդիվ առաջարկվում է վավերացնել այն եվրոպական կոնվենցիաները, որոնք մեր օրենսդրական դաշտը մշակելու համար հենք կհանդիսանան: Բանախոսները խոսեցին նաև կենդանիների նույնականացման մասին: Թափառող և ընտանի կենդանիները կլինեն գրանցված և նույնականացված: Գործընթացը, սակայն երկար ժամանակահատված կպահանջի, մոտ 2 տարի: