Պատրաստ ենք ձեզ հետ կիսվել եվրոպական փորձով. ԵՄ դեսպան (տեսանյութ)
ԵՄ-Հայաստան քաղաքականության ռազմավարական երկխոսության աշխատաժողովի շրջանակներում Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկում տեղի ունեցավ առկա կրթական մարտահրավերների, լուծումների և վերջիններին եվրոպական աջակցության մասին։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին աջակցելու է Թուրինի գործընթացը, որը հետևում է ԵՄ գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացումներին՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և պատասխանատվությունը, այդ թվում՝ սոցիալական գործընկերներին ու քաղաքացիական հասարակությանը։ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որն ունի տաղանդավոր ժողովուրդ, շատ հզոր մարդկային ռեսուրսներ, կապիտալ և արժանի է նոր մի ջանքի՝ նրա կրթական համակարգը բարելավելու համար։ «Մենք շատ լավ գիտենք՝ այստեղ ինչ դժվար է դա, և պատրաստ ենք ձեզ հետ կիսվել եվրոպական փորձով»,- շեշտեց ԵՄ դեսպանը։ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ կան փայլուն երիտասարդներ, փայլուն պատանիներ, փայլուն աշակերտներ, որոնք 21-րդ դարի քաղաքացիներ են։ «Ըստ էության նշանակալի դերակատարություն ունեցան նախորդ տարվա իրադարձություններում, բայց, ցավոք սրտի, մենք ունենք 20-րդ դարի կրթական համակարգ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ շատ հաճախ որոշ փոքր շահառու խմբեր միտված են ոչ թե հասնելու 21-րդ դարի ՀՀ քաղաքացիներին, այլ հակառակը՝ փորձում են վերջիններիս «տանել» 20-րդ դար։ «Բայց կառավարությունը հաստատակամ է այս ուղղությամբ, և այդ էր պատճառը նաև, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթող քաղաքական ուժի ծրագրում կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքների զարգացումը թոփ երեք առաջնահերթությունների մեջ էին»,- ասաց Արայիկ Հարությունյանը։