«Հեշտ է ներկրել ու վաճառել, ստեղծելն է դժվար» (տեսանյութ)
Մասնագիտությամբ տնտեսագետ, ծնունդով գյումրեցի Արտուշ Եղիազարյանը, Լոնդոնում ուսում առնելուց և տասնութ տարի Շվեցիարիայում ապրելուց հետո որոշեց վերադառնալ հայրենիք և իր ծննդավայրում բիզնես սկսել: Բացեց «Դեղաբույսեր և Մեղր» թեյարան- ռեստորանը: «Բացի այն, որ ևս մեկ հաճելի մթնոլորտային տեղ ենք ստեղծել քաղաքում, մենք սկզբունք ենք որդեգրել, աշխատել միայն ընտանեկան բիզնես ունեցողների հետ, որ մեր լուման ու աջակցությունը ցուցաբերենք նրանց: Մեր թեյարանի թե սպասքը և թե կահույքը հիմնական մասը արտադրված է Գյումրիում, նաև Վանաձորում: Դեղաբույսերն ու մեղրը նույնպես մեր արտադրանքն է: հեշտ է ներկրել ու վաճառել: ստեղծելն է դժվար», - ասում է տնտեսագետը: Նրա խոսքով զրոյից են ստեղծել իրենց բիզնեսն ու այսօր լավ համբավ ունեն, անգամ Սփյուռքում: «Նույնիսկ առաջարկ ենք ստացել Երևան գալ: Մի օր կգանք, որ երևանցիներն էլ վայելեն»,- ժպտալով իր խոսքն է շարունակում գյումրեցին: Իր վերադարձի հիմնական նպատակն է իր լուման ներդնել Գյումրու տնտեսական զարգացմանը: Տնտեսագետը վստահ է, որ պետությունը պետք է իր միջամտությունը ցուցաբերի, քանի որ մինչ օրս գյումրեցիների հիսուն տոկոսը աղքատության շեմին է և այս քաղաքը ոտքի կանգնեցնելու ճանապարհը՝ խնդրի լուծման կառուցողական, պլանավորված և փաթեթային մոտեցումն է, նաև քաղաքի հսկայական պոտենցիալն օգտագործելը: Եթե կարողանան զբոսաշրջությունը զարգացնել, Գյումրին էլ շունչ կքաշի, բյուջեն էլ ֆինանսական հոսքեր կբերի: «Որպես բիզնես նախագիծ, եթե նայենք՝ պոտենցիալ կա, մի քիչ գումար ներդնենք, ճիշտ աշխատենք, քաղաքն էլ ոտքի կկանգնի, ու հզոր, լավ քաղաք կդառնա»: