Հայերը մեկ շաբաթ կվայելեն Ֆրանսիայի համը (տեսանյութ)
Մարտի 18-ից սկսած, մեկ շաբաթ 150 երկրների 5000 շեֆ խոհարարի կմիավորի «Ֆրանսիայի համը»: Հինգերորդ անգամ անցկացվող այս միջոցառումը կարելի է որակավորել, որպես ֆրանսիական գաստրոնոմիայի տոնակատարություն ողջ աշխարհում: Ֆրանսիական խոհանոցը ՝ արվեստ է ու մշակույթ, որի անփոփոխ արժեքներն են որակը, ջերմ միջավայրն ու հաճելի պահով կիսվելու ցանկությունը: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի խոսքով, գաստրոնոմիան ֆրանսացիների ինքնության անքակտելի մասն է: «Այն մեր մշակույթի, մեր որդեգրած արժեհամակարգի, մեր քաղաքակրթության մասն է, նաև տնտեսական նշանակություն ունի ու սոցիալական ընգծված առանձնահատկություն և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»-ասում է դեսպանը, և հավելում, - Ֆրանսիական գաստրոնոմիան չի բավարարվում այն ամենով, ինչ կա ափսեի մեջ: Կարևորը մոտեցումն է, թե ինչպես է այն մատուցվում, և թերևս ամենակարևորը՝ թե ինչպես է այդ ամենի շուրջ կեսօրին, կամ երեկոյան ընտանիքը, կամ ընկերական շրջապատը հավաքվում մտերմիկ մթնոլորը կիսելու համար»: Դեսպանն իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանը առանձնահատուկ ընդգծվածությամբ է մոտենում ֆրանսիական այս տոնակատարությանը: «Հայերի համար ևս կարևոր է ընտանիքը ընթրիքի սեղանի շուրջ հավաքելու ջերմ մթնոլորտի սկզբունքը, որն ավելին է, քան կերակուր ճաշակելը»,-ասաց նա: Այս «համեղ» միջոցառմանը կմասնակցեն 24 ռեստորան և երեք մասնագիտացված դպրոց՝ Երևանում, Գյումրիում և Դիլիջանում և մեկ շաբաթ իրենց հաճախորդներին կներկայացնեն ֆրանսիական խոհանոցից ոգեշնչված ճաշացանկ: