Չարենցը մեր նոր գրականության մայրաքաղաքն է. Դավիթ Գասպարյան (տեսանյութ)
Չարենցի իսկական ծննդյան օրը մարտի 1-ին է, բայց նոր տոմարով դարձավ մարտի 13-ը և հիմնականում նշում ենք այս օրը. նշում է չարենցագետ Դավիթ Գասպարյանը Նրա խոսքով Չարենցին պետք է միշտ անդրադառնալ, որովհետև գործ ունենք մի բացառիկ հանճարի , համաշխարհային նշանակության մի մեծ գրողի, արձակագրի, թարգմանչի հետ: Չարենցը նոր գրականության մայրաքաղաքն է: Դեպի Չարենց են գալիս բոլոր ճանապարհները և նրանից են սկսվում բոլոր ճանապարհները: Սա մի կենտրոն է՝ հանգույց, որտեղից սկսվում է մեր մտավոր ճանապարհի ձեռքբերումները: «Չարենցը գրքամոլ էր, որտեղ էլ գնար՝ գրքեր էր առնում և այդ գրքերի մեծ մասը պահպանվել է իր տան գրադարանում: Չարենցին միշտ հասկանալու համար պետք է մեծ շրջանակի մեջ տեսնել: Չարենցը միշտ Երևանում չէր լինում, լինում էր Թիֆլիսում, Մոսկվայում, անգամ աշխատել է Բաքվում 1927 «Կոմունիստ» հայերեն թերթում՝վարելով գրական բաժինը: Այ այսպիսի լայն տարածքի մեջ էր Չարենցը». հիշում է Դավիթ Գասպարյանը: Գրականագետի խոսքով պետք է լավ ուսումնասիրել Չարենցին և տպագրել նրա լիակատար երկերի ժողովածուների 10 հատորյակը: Քանի որ գրողի ամենամեծ հուշարձանը նրա երկերի ամբողջական ժողովածուն է: «Չարենցը անընդհատ նորություն է: Իմ ամբողջ գիտակցական կյանքում ուսումնասիրել եմ Չարենցի բոլոր ստեղագործությունները, արխիվները, մամուլի հրապարակումները, բայց այսօր վերջնական տեսքի բերելիս զգում եմ, որ նորից պետք է ուսումնասիրել: Անդրադառնալով վերջերս համացանցում աղմուկ հանած տեղեկությանը, որ Կարսում քանդվել է Չարենցի տունը, գրականագետը նշեց, որ դա Չարենցի տունը չէ, որովհետև ինչպես Չարենցն է նշել. «Մեր տունը բերդի տակ էր, եղբորս հետ իջնում էինք գետափնյա փողոց, որպեսզի դիտեինք Վարարաց գետը», իսկ այդ տունը այդ տարածքում չէ: Գրականագետը նշեց, որ ինքը երեք վկայություններով գտել է Չարենցի գերեզմանի տարածքը, բայց երբ ցանկացել է նյութական ապացույցներ գտնել, գրողի ընտանիքը չի ցանկացել, ասելով Չարենցին որոնեք Արարատ լեռան գագաթին, երկնքում, որից հետո աշխատանքները դադարեցվել են: