Ազատության հրապարակում ընթանում է «Կամք» նախաձեռնության հանրահավաքը, որը կրում է՝ «Հողեր չունենք տալու» կարգախոսը ։ ԱԺ նախկին պատգամավոր, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, արցախյան ազատամարտիկ Ռուբեն Գևորգյանն ասում է.
«Դեռ հարց է՝ այսօրվա իշխանությունը հող հանձնո՞ղ է, թե՞ հանձնող չէ: Մեր ակցիան զգաստացնելու և զգաստանալու համար է։ Մենք երբեք իրավունք չունենք մեղադրելու, որ տրվող հարցերը սխալ են կամ ճիշտ են: Մենք իրավունք չունենք քննադատելու, թող քաղաքական դաշտում քննադատեն: Բայց եղած իրավիճակում զգաստանալը լավ բան է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ հայկական կողմը չի բանակցում: Այս դեպքում ո՞րն է հող չհանձնելու վերաբերյալ ակցիայի շարժառիթը. հարցին ի պատասխան Ռուբեն Գևորգյանն ասաց. «Միշտ էլ իմաստ ունի խոսել այս հարցի մասին: Զգաստացնելու համար է ակցիան, որ հիշեցնենք, որ երբեք միակարծիք չի լինի այդ հարցը»:
Սա տեսակի խնդիր է
Սա իշխանության եւ ընդդիմության խնդիրը չէ, այլ տեսակի, -ասում է ՀՅԴ-ական ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը Ազատության հրապարակում հրավիրված «Հողեր չունենք տալու» կարգախոսով միտինգին։
Ըստ նրա՝ չկա գրավված կամ ազատագրված տարածք հասկացությունը, այլ կա Արցախի Հանրապետություն՝ սահմանադրությամբ եւ սահմաններով։ Նա հիշեց 2016թ ապրիլյան պատերազմը՝ խորհուրդ տալով հիշել՝ ում հետ գործ ունենք։ «Ադրբեջանցին է մեզ պարտադրել պատերազմ»,- ասում է նա։ «Կամք» նախաձեռնության հանրահավաքին նա նաեւ նշեց, որ պատերազմի բովով անցած ազատամարտիկներից շատ ոչ ոք չի ուզում խաղաղություն, բայց...
«Հողեր տվողին չեն հարգում»,- ասում է նա՝ ընգծելով Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում միայն մի հարց պետք է լինի արցախահայության ինքնորոշման իրավունքը։
«Երբ մտովի խոսում եմ իմ որդու հետ, նրան չեմ նախատում»
Ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայր Ատոմ Զոհրաբյանի համար յա երկու կարեւորություն։
Առաջինը՝ սահմանին կանգնած զինվորն է։
«Մյուսը մեր ազատագրված հայրենիքի վերահայացումն ու վերաբնակեցումն է», - ընդգծում է Ատոմ Զոհրաբյանը։
Նա ասում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ 18-20 տարեկան զինծառայողները, նրանց հրամանատարները պահեցին մի թիզ հողը իրենց արյունով։
«Երբեմն երբ մտովի խոսում եմ իմ որդու հետ, նրան չեմ նախատում։ Ես ասում եմ՝ տղաս ես որպես հայր քեզ խոստանում եմ, որ իմ ապրելիք օրերի վերջը տեր եմ կանգնելու քո ընտրությանը»,- ասաց նա։
«Արցախի խնդիրը միայն արցախցունը չէ»
Ազատամարտիկ Արտաշես Մխիթարյանը նշեց, որ զիջելու որևէ բան չունենք։ Նա կարևորվում է Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ «Մենք պետք է շարժվենք ազգ-բանակ հայեցակարգով», - ընդգծում է ազատամարտիկը։
Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի կարծիքով՝ Արցախի խնդիրը միայն արցախցունը չէ։ «Եթե կորցնենք Արցախը, կկորցնենք Հայաստանը», - շեշտում է նա՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին Սփյուռքում միավորվել։
«Արյունով գծածը, գրիչով չես ջնջի», - իր հերթին հայտարարեց Հայ ազգային գվարդիայի անդամ Արշակ Զաքարյանը։
Հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին Եռաբլուր։