Մյուս շաբաթ նախատեսում ենք ոստիկանապետին հրավիրել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դեռևս չի ծանոթացել «Հետք» լրատվական կայքի ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին»» հոդվածի բովանդակությանը։ Եվ միայն ուսումնասիրելուց ու խմբակցության հետ քննարկելուց հետո դիրքորոշում կհայտնի իրադրության վերաբերյալ։ Մակունցն ասաց, որ ուրբաթ օրը հանդիպում է նախատեսված ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի հետ՝ իր իսկ նախաձեռնությամբ։ «Մյուս շաբաթ նախատեսում ենք ոստիկանապետին հրավիրել»,- շեշտեց Մակունցը։ Մակունցը հրաժարվեց խոսել Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դոլարի փոխանցման մասին՝ ընդգծելով, որ իր տեսակետը կարող է դիտարկվել որպես խմբակցության տեսակետ։