Իրանի հետ հարաբերությունները զարգացնելով՝ ՀՀ-ն կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և Թուրքիայի վրա. իրանագետ (տեսանյութ)
Հայաստան-Իրան հարաբերություններում, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, քաղաքական ողջ ներուժը չի օգտագործվում, և քաղաքական առումով Հայաստանն Իրանին ավելի հասկանալի դարձնելու խնդիր կա քաղաքական փոխճանաչողության տեսանկյունից։ Իրանագետը նշում է Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցքի ծրագրի կարևորությունը, որում Հայաստանը կարող է կապող օղակի դեր կատարել։ Այս կոնտեքստում նա առանձնացնում է Հայաստանի հնարավոր գործունեության երկու հատված։ Մեկը՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղին է, որն, ըստ Ոսկանյանի, պետք է հնարավորին արագ կառուցվի և ավարտին հասցվի։ «Սա բխում է նաև մեր պետության անվտանգային շահերից, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են Հայաստանի թշնամական շրջափակում։ Եվ սա միջոց է այդ շրջափակումը հաղթահարելու և մեր բնակչությանը դրական լիցքեր հաղորդելու համար»,- ընդգծում է իրանագետը։ Իրանական գազի շահագործման հնարավորությանն անդրադառնալով՝ Ոսկանյանը շեշտում է իրանական գազի տրանզիտի խնդիրը, և ներակայիս իշխանությունները պետք է հնարավորինս արագ սկսեն բանակցել այս խնդրով թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի և թե՛ շահագրգիռ այլ կողմերի հետ։ Իրանագետը նկատում է, որ Թուրքիան շահագրգռված չէ հայ-իրանական հարաբերությունների խորացմամբ, իսկ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելով՝ Հայաստանը կարող է որոշակի ճնշում գործադրել թշնամաբար տրամադրված Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Դավոսի համաժողովին ԲՀՀ հիմնադիր Ջորջ Սորոսը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հայտարարեց Բաց հասարակության գլխավոր թշնամի։ Ինչպես նաև Սորոսն իր թվիթերյան էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ Հայաստանի քաղհասարակության ամուր աջակցությունը կենսական նշանակություն ունի երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար։ Այս կոնտեքստում «Ա1+»-ը Ոսկանյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին են հարաբերությունները Սորոսի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև, ինչպես է ընկալվում «ԲՀՀ»-ն Իրանում, և ինչ ազդեցություն է կարող ունենալ վերոնշյալ կազմակերպությունն հայ-իրանական հարաբերությունների վրա։ Ոսկանյանի պնդմամբ՝ Հայաստանի շահը լավագույնս գիտակցում են ՀՀ քաղաքացիները, քաղաքական-հասարակական վերնախավերը։ «Որևէ մեկը չի կարող ստիպել մեզ հրաժարվել մեզ համար կենսական նշանակություն ունեցող շահից։ Հետևաբար ցանկացած պարագայում այդ հարաբերությունները պետք է զարգանան՝ անկախ տարբեր անձանց, կազմակերպությունների, պետությունների, դրանց ղեկավարների կամ մանկլավիկների հայտարարություններից»,- շեշտեց իրանագետը։ «ԲՀՀ»-ի հանդեպ վերաբերմունքն Իրանում, ըստ Վարդան Ոսկանյանի, երկակի է։ Բաց հասարակության ինստիտուտը ոչ քաղցր հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Իսկ վերջինս էլ Մերձավոր Արևելքում Իրանի գլխավոր ախոյանն է, և այս պարագայում, ըստ իրանագետի, «ԲՀՀ»-ն մասամբ դրական է ընկալվում, սակայն այլ պետությունների գործերին միջամտելու հանգամանքը, կարծես թե, ընդունելի չէ իրանցիների համար։