Չունեմ որևէ մոտիվացիա ոչ հարգալից լինել որևէ պատգամավորի նկատմամբ. Ատոմ Ջանջուղազյան (տեսանյութ)
«Կառավարության ծրագիրը հավասարակշռված է»,- համոզված է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ընդդիմության քննադատությունն ընդունելի է նախարարի համար, բայց նրանց կողմից առաջարկվող փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ: «Մենք ժամանակ ենք ծախսել, աշխատակազմը աշխատել է և արդյունքում ձևավորվել է այս ծրագիրը: Հիմա դրա մեջ ցանկացած փոփոխություն անելը ռիսկ ունի, որ այն գործընթացը, որը նախորդել է այս ծրագրի ձևավորմանը՝ կսկսի գնահատվել ինքնանպատակ»: Երեկ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ ծրագիրը հնարավոր չէ փոխել, այն պետք է հաստատել կամ մերժել: Ըստ պատգամավորի՝ խորհրդարանը արհամարհվել է: «Նախկինում ծրագրերն ուղարկվում էին խմբակցություններին մինչև դահլիճ մտնելը ու խմբակցությունները հնարավորություն էին ունենում իրենց առաջարկները ներկայացնել ծրագրի վերաբերյալ: Հիմա խորհրդարանն արհամարհվել է, և միանգամից ստացել է ծրագիր՝ դահլիճում քննարկելու համար»,- ասել էր Մարուքյանը: Թե ինչո՞ւ այս կառավարությունը ծրագիրը նախապես չի ներկայացրել խորհրդարանական ուժերին, Ատոմ Ջանջուղազյանն այսպես պատասխանեց. «Ընթացակարգային իմաստով վստահ չեմ, որ այդպիսի կարգավորում կար: Ստացվել է այնպես, ինչպես որ ստացվել է, բայց դրանից հետևություն անել, որ արհամարհանք կա, կարծում եմ առնվազն չափազանցված է, որովհետև որպես կառավարության ներկայացուցիչ չունեմ որևէ մոտիվացիա ունենալ ոչ հարգալից վերաբերմունք Ազգային ժողովի որևէ պատգամավորի նկատմամբ, անկախ նրա քաղաքական հայացքներից»: Թե ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերի պատգամավորները նշում, որ կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխություն չի իրականացնի, նախարարն ընդգծում է՝ վաղ է մտածել, թե այն չի լինի: Մանրամասն՝ տեսանյութում: